«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում աղեստամոքսային խանգարում ստացած 54 անձանցից 2-ը հղիներ են

 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով ԲԿ-ում թունավորման դեպքերին։
«Ավելի շատ գործ ունենք սննդային խանգարման հետ, որովհետև աղիներն են խանգարվել, բայց մարդիկ ջերմություն չեն ունեցել։ Սննդային խանգարում ունեցող անձանց թիվը գնալով ավելացավ, քանի որ մարդիկ կային, որոնք արդեն հերթափոխը հանձնելուց հետո գնացել էին, հետո ենք իմացել, որ փորլուծություն ու թուլություն ունեն։ Պարզվեց՝ դեպքերը 54-ն են, որից 8-ը՝ պացիենտ, նրանցից 2-ը հղի, 42-ը՝ բուժաշխատող։ Այսինքն դեպքը եղել է այն ժամանակ, երբ տրվել է երկրորդ սնունդը, եղել են մարդիկ, որոնք ընթրիքից չեն օգտվել, բայց խնդիրներ առաջացել են», — ասաց նա՝ նշելով, որ չէին կարող բոլորը միանգամից մրսել և վարկած կա, որ դրա հիմքում սնունդն է եղել։
Նրա խոսքով՝ «Արտ Լանչ»-ի հետ համագործակցությունը սկսել է այն բանից հետո, երբ հիվանդանոցը վերածվել է ինֆեկցիոնի և որոշվել է արգելել դրսից բերված սնունդը։ Սակայն նախկինում թունավորման դեպք տեղի չի եղել։

Խոսնակն ասաց՝ ոչ ոք դեպքի հետ կապված «Արտ Լանչ» սննդի ցանցի անունը չի տվել, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ և պարզ կդառնա միայն ուսումնասիրությունից հետո․ «Ունենք միայն ենթադրություններ, որովհետև դեպքերը շատ են, և աղեստամոքսային խանգարում ունեցող անձանց թիվը հասնում է 54-ի», — նշեց նա։
Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր, որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում, փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, արդյունքները պարզ կդառնան մեկ շաբաթվա ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ