Մատենադարանում Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն իրականացնելու համար ձևակերպվել է 16 մեգանպատակ: Մեգանպատակներն առաջիկա 10 տարվա ընթացքում իրականացվելիք կարևորագույն համազգային գործերն են:
- Առաջին մեգանպատակը կիրթ և կարողունակ քաղաքացի և ժողովուրդ ունենալն է
«Ներառական, նորարարական, հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների և պարտավորությունների կատարումը»,- նշեց Փաշինյանը:
- Երկրորդ մեգանպատակը պաշտպանված Հայաստան ունենալն է
«Պաշտպանված՝ արտաքին ազդեցություններից, ագրեսիայից, ռազմական և տեղեկատվական հարձակումներից: Այսօր մեր հանրությունը տեղեկատվայկան առումով շատ խոցելի է: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հայտնի որոշակի շրջանակների կողմից»:
- Արդյունավետ և հաշվետու կառավարում
«Պետական մարմինների գործունեությունը դարձնենք թափանցիկ, արդյունավետ, վերահսկելի, ինչպես նաև կերտենք նախաձեռնող, բարեվարքության բարձրագույն նորմերին համապատասխանող, արդյունքին միտված հանրային ծառայող: Մենք ունենք հանրային կառավարման բարեփոխումների փաթեթ, որտեղ մենք ամեն ինչ քայլ-քայլ պետք է նկարագրենք, թե ինչ գործողություններ ենք անելու: Պետական կառավարման համակարգում պետք է ներգրավել բարձրորակ մասնագետներ»,- նշեց վարչապետը:
- Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ
«Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքնային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետության լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի համար»:
- Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք
«Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները դարձնենք համատարած: Ինչպե՞ս: Օրինակ, վերջերս կայացրել ենք որոշում, որը կապված է երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային վարկի ձեռքբերման արտոնյալ պայմանների հետ: Որոշում ենք կայացրել, որ գյուղական համայնքներում նաև չաշխատող մայրերը կստանան նպաստ, իսկ աշխատող մայրերը կստանան կրկնակի»,- նշեց Կառավարության ղեկավարը:
- Իրավական Հայաստան
«Ապահովենք սահմանադրական մարմինների հավասարակշռված գործունեությունը և համընդհանուր վստահելիությունը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարութունը և այլն»:
- Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում
«Կայացնենք բարձր ավելացված արժեքով մրցունակ վերջնական արտադրանք և զանգվածային նոր աշխատատեղեր ստեղծող մշակող արդյունաբերություն»,- նշեց վարչապետը:
- Մաքուր և կանաչ Հայաստան
«Ապահովենք շրջակա միջավայրի համատարած պահպանությունն ու առողջացումը, բնական պաշարների սահմանափակ ու պատասխանատու օգտագործումն ու ամբարումը՝ ի շահ ներկա ու ապագա սերունդների»:
- Տարածքային խելամիտ զարգացում
«Շարունակաբար բարձրացնենք կյանքի որակի չափանիշները՝ յուրաքանչյուր բնակավայրի համար ապահովելով «21-րդ դարի» կենսակերպի հնարավորություն: Մենք ասում ենք, որ գյուղն ու գյուղատնտեսությունը պետք է տարբերել, որովհետև գյուղը բնակավայր է, գործունեության տեսակ չի»,- նշեց վարչապետը:
- Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն
«Կայացնենք նորարարական, արդյունավետ, բարձր ավելացված արժեք ստեղծող, կայուն զարգացող, բնական միջավայրի նկատմամբ հոգատար և էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող ֆերմերություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
- Մեծ հայրենադարձություն և ինտեգրում
«Ապահովենք ավելի ու ավելի մեծ թվով հայերի կապվածությունը Հայաստանի հետ, որը կարտահայտվի ՀՀ քաղաքացիություն, Հայաստանում անշարժ գույք, բիզնես ունենալով, Հայաստանում կրթություն ստանալով: Այս մեգանպատակը բավականին շոշափելի ծավալներով հիմա արդեն իրագործվում է»:
- Աշխարհի հետ կապված Հայաստան
«Հայաստանը դարձնենք համաշխարհային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, տվյալների կարևորագույն հանգույց, որն իրար հետ է կապում հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև աշխարհի հայկական համայնքները»:
- Վերականգնվող և հանրամատչելի էներգիա
«Ապահովենք Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու ինքնավարությունը, բնակչության և տնտեսության համար էներգիայի կայուն հասանելիությունն ու մատչելիությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի համար անվնաս լինելը»,- նշեց Կառավարության ղեկավարը:
- Գործարարների համար գրավիչ Հայաստան
«Հայաստանը դարձնենք տեղական և օտարերկրյա ներդրողների համար գրավիչ և հուսալի, տնտեսական կյանքի մասնակիցների համար կանխատեսելի, խաղի հավասար պայմաններ երաշխավորող և հասանելի որակյալ ծառայություններ ապահովող երկիր»:
- Գիտելիքահեն Հայաստան
«Բազմապատկենք և հավասրակշռենք համաշխարհային պահանջարկ ունեցող ժամանակակից ապրանքների, ծառայությունների և համակարգերի արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղակի և անուղղակի առաջարկն ու պահանջարկը»:
- Եվ ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան
«Այս ամեն ինչի արդյունքում ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստանի գործուն կերպար ստեղծենք, ներգրավենք թիրախային այցելուների, հանրահռչակենք հայկական մշակույթը, գիտական միտքը և քաղաքակրթությունը: Մենք առաջիկայում Հայաստան-2050 կայք կունենանք, և այն կդառնա նաև աշխատանքային հարթակ այս քննարկումների համար»,- ամփոփելով՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: