Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության եւ վարչապետի հեռախոսազրույցները ձայնագրել եւ գաղտնալսել են:
Այս մասին այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է:
Թե որքանով Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը հստակ չպատասխանեց՝ հայտնելով միայն, որ քննություն է տարվում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը հրապարակել չի կարող:
ԱԱԾ տնօրենը չբացառեց, որ հնարավոր է՝ որեւէ ժամանակահատվածում իր հեռախոսսազրույցները եւս գաղտնալսվեն:
«Որեւէ մեկը երաշխավորված չէ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են եւ կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել այդ գործընթացը»,-հայտնեց նա: