Անկախ նրանից, որ Անկախության օրվա գերակշիռ մասը վաղը վիրտուալ է անցնելու, տոնական հրավառություն լինելու է:
Տոնական հրավառությունը կարող եք հետևել մայրաքաղաքի կենտրոնից և Առաջին ալիքի եթերում:
Սկիզբը՝ ժամը 21:55-ին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով:
Այդ մասին հայտնում են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի լրացուցիչ:
Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժն էլ կլուսավորվի Հայոց եռագույնի գույներով: Այս մասին տեղեկացրին Կանադայում ՀՀ դեսպանությունից:
«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհրդի հետ, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կվառվի Հայաստանի դրոշի գույներով:
Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը, որը կմեկնարկի երեկոյան ժամը 10-ին և կտևի 15 րոպե։ Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ»,-հայտնել էին դեսպանությունից:
Ռիո դե Ժանեյրոյի հայտնի՝ Հիսուս Քրիստոսի արձանի վրա սեպտեմբերի 21-ի երեկոյան Հայաստանն ու մեր պատմությունը և մշակույթը ներկայացնող տեսաշար կլուսարձակվի
Միջոցառման նպատակն է նաև նշել Հայաստանի Առաջին Հանրապետության և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը: