Ովքե՞ր են կառավարության դեմ բողոքող ցուցարարների իրական դաշնակիցները

Գրեթե օր չի լինում, որ կառավարության շենքի դիմաց ինչ-որ հարցով բողոքի ակցիա չլինի։ Երբեմն բողոքի ցույցեր են լինում նաեւ Երեւանից դուրս՝ մի տեղ խաղողի մթերման գներից ու ծավալներից դժգոհներն են ճանապարհ փակում, մի այլ տեղ համայնքապետարանի գործունեությունից են դժգոհ եւ այլն։ Այդ ակցիաների ժամանակ մարդիկ պահանջներ են ներկայացնում իշխանություններին, քննադատում՝ հաճախ ամենակոշտ բառերով, բայց դա անում են ոչ թե այն պատճառով, որ իշխանություններին ավելի քիչ են վստահում, քան ընդդիմությանը, այլ որովհետեւ իրենց խնդիրների լուծումն ակնկալում են իշխանություններից, եւ ոչ թե ընդդիմությունից։ Ընդդիմադիր լրատվամիջոցներն էլ, իհարկե, լայնորեն լուսաբանում են այդ ակցիաները (ու ճիշտ են անում), ընդդիմադիր գործիչները բողոքողներին սատարող ու «նրանց կողքին կանգնելու» վճռականություն արտահայտող ելույթներ են ունենում, եւ դա նույնպես հասկանալի է՝ իշխանություններից դժգոհ ցանկացած խավ ընդդիմության պոտենցիալ աջակիցն է։

Բողոքողներին էլ, ի դեպ, դուր է գալիս ընդդիմության այդ «սրտացավ» վերաբերմունքը, որովհետեւ թեեւ հասկանում են, որ ընդդիմադիր ուժերը պարզապես ձգտում են օգտագործել իրենց՝ հանուն սեփական շահերի, բայց նաեւ գիտակցում են, որ որքան իրենց բողոքն ավելի լուրջ քաղաքական գործոն դառնա՝ այնքան մեծ կլինի հավանականությունը, որ իշխանությունները կընդառաջեն իրենց պահանջներին։ Այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, թե գոնե կարճաժամկետ կտրվածքով բողոքողներն ու ընդդիմությունը դաշնակիցներ են, որովհետեւ նրանց շահերը համընկնում են։

Բայց արդյո՞ք այդպես է իրականում։ Տեսեք՝ մի տեղ հագուստ ու կոշիկ ներկրողներն են բողոքում ու կարգավորումներ պահանջում, մի ուրիշ տեղ՝ խաղողագործները, Ռուսաստան մեկնել ցանկացողները, «ոստիկանական բեսպրեդելից» դժգոհները եւ այլն, ու տվյալ դեպքում կապ չունի, թե ով է ճիշտ, ով՝ սխալ։ Մի դեպքում կարող են իշխանությունները սխալ լինել, մեկ այլ դեպքում՝ ցուցարարները կամ երկուսն էլ, մի դեպքում միջանկյալ լուծում գտնելը կարող է հնարավոր լինել, մեկ այլ դեպքում՝ անհնար, բայց էականը սա չէ։ Էականն այն է, թե ովքե՞ր են այս կամ այն հարցում իշխանություններից դժգոհ քաղաքացիների իրական դաշնակիցները։ Իշխանություննե՞րը, թե՞ ընդդիմությունը։

Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է ընդամենը արձանագրել հետեւյալը. իշխանություններին ձեռնտու է, որ բոլոր այդ խնդիրներին լուծում տրվի։ Մի դեպքում կարող են զիջել, մեկ այլ դեպքում՝ ավելի անհաշտ դիրքորոշում ցուցաբերել, բայց բոլոր դեպքերում՝ հարցերը կարգավորելու ցանկությունն ակնհայտ է։ Իսկ ահա քաղաքական ընդդիմության համար, հակառակը, բոլորովին ցանկալի չէ, որ այդ հարցերը լուծվեն։ Չէ՞ որ ցանկացած կառուցողական երկխոսության եւ դրական ելքի դեպքում իրենք զրկվում են պոտենցիալ աջակիցներից։ Այսինքն՝ ընդդիմությանը ձեռնտու է, որ բոլոր այդ բողոքի ակցիաներն արդյունք չտան ու մարդկանց խնդիրները չլուծվեն, որովհետեւ իրենց ոչ թե այդ խնդիրներն են հուզում, այլ սեփական քաղաքական շահերը։

Պատկերացրեք՝ ինչ-որ մեկն առողջական խնդիր ունի ու պիտի բժշկի դիմի։ Բժիշկներից մեկին ձեռնտու է հնարավորինս արագ բուժելը, իսկ մյուսի համար, հակառակը, ինչքան հիվանդի վիճակը վատանա՝ այնքան լավ։ Հասկանալի է, չէ՞, թե որ բժշկին կդիմի հիվանդը (եթե անգամ կասկածում է նրա մասնագիտական կարողությունների վրա)։ Սա պարզ իրողություն է, որը, ցավոք, դժվարությամբ է ընկալվում քարոզչական համընդհանուր թոհուբոհի մեջ։ Բայց փաստը մնում է փաստ՝ հասարակության նույնիսկ ամենադժգոհ խավերի դաշնակիցն ավելի շատ իշխանություններն են, քան ընդդիմությունը (հատկապես նախկինները)։ Որքան էլ այդ դաշնակցային հարաբերություններում կնճռոտ ու անգամ անհաղթահարելի խնդիրներ լինեն։

աղբյուրը՝  ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ