Բաքուն ու Անկարան սադրանք են նախապատրաստում. հայկական կողմը պետք է աչալուրջ լինի

«Ադրբեջանը մտահոգվում է, որովհետև գիտի, որ իրականացվելու են համապատասխան գործողություններ»,- խորհրդարանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա անդրադարձել է Տավուշի սահմանի իրավիճակին, որտեղ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը առաջացրել է լարվածության աճ: Ադրբեջանական սադրանքի զոհ է դարձել հայաստանցի պայմանագրային զինծառայող: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ Ադրբեջանը իրականացնում է ամրաշինական աշխատանք և մեծացնում լարվածությունը, ինչին արձագանքել է հայկական կողմը: Դավիթ Տոնոյանը նշել էր, որ ադրբեջանցիները ամրաշինական աշխատանքով փորձում են նվազեցնել հայկական կողմի դիրքային առավելությունը: Ինչ գործողություն է պատրաստում հայկական կողմը, որը մտահոգել է Բաքվին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանի կարծիքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Բաքուն ու Անկարան նոր սադրանք են նախապատրաստում։ «Նրանք հայության սահմանները չեն տարբերակում՝ սկսած Ախուրյանից մինչև Հադրութ, Արաքսի ափամերձ տարածքները, Թալիշից մինչև Նախիջևանի ու Երևանի մատույցները դիտարկում են որպես մեկ ընդհանրություն։ Հիմա մենք շատ վտանգավոր զարգացումներ ենք տեսնում։ Օրինակ՝ կան տվյալներ, որ թուրքական կողմը գրոհայիններ է տեղափոխում Ադրբեջան, Սիրիայից թուրքալեզու խմբավորումները, տարբեր ահաբեկչական խմբերը, նրանց 3000-4000 դոլար աշխատավարձ է տալիս, տեղափոխում այնտեղ։ Քանի օր է իրենք ստահոդ լուրեր են տարածում՝ թե իբր Իրաքյան Քուրդիստանից Արցախ են ժամանում ինչ-որ գրոհայիններ, ինչ-որ պրովոկացիաներ են սրանք։ Մենք պետք է պատրաստ լինենք, ու ամեն մի հատվածում ամեն վայրկյանում կարող են սադրանքներ լինել։ Եթե մենք ճիշտ նորմալ աշխարհաքաղաքականություն վարենք, այսինքն` շարունակենք հավասարակշռված ու ճիշտ քաղաքականություն, բանակն էլ միշտ մարտունակ լինի, կարողանալու ենք կասեցնել ցանկացած նման փորձ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին ՝ պե՞տք են արդյոք կանխարգելիչ միջոցառումներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե պետք է, բայց դա չի նշանակում, որ առաջինը պետք է սկսենք։ Եթե հարձակումն անխուսափելի է՝ այդ ժամանակ կարող ենք իհարկե։ Դրա համար մեր ռազմավարությունը հիմնված է ակտիվ պաշտպանության վրա, մենք ագրեսոր չենք, բայց եթե վտանգն անխուսափելի է՝ բնական է, որ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք։ Պետք է ամրացնենք սահմանը, ակտիվ լինենք արտաքին քաղաքական ոլորտում, բանակաշինությունը դնեք առաջին պլան։ Եթե անխուսափելի լինի պատերազմը՝ պետք է չեզոքացնենք ցանկացած հարձակման փորձ։ Հիմա, երբ տարածաշրջանային պետությունների, գերտերությունների միջև լարված իրավիճակ է, մենք պետք է կրկնակի աչալուրջ լինենք»։

Դավիթ Բաբայանը չի կարծում, թե գերտերությունները կպաշտպանեն Բաքվի ու Անկարայի սադրանքի փորձերը. «Բայց նաև տեսնում ենք, որ Թուրքիան վտանգավոր արկածախնդիր քաղաքականության մեջ է խրվել։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի գործընթացներ են ընթանում Միջերկրական ծովի արևելյան շրջաններում, Հունաստանի հետ հարաբերությունների գերսրումը, նաև Կիպրոսի ու Եգիպտոսի հետ սրված հարաբերությունները։ Նրանք տեսնում են, որ Հայաստանը զարգանում է, տնտեսական հարաբերություններ հաստատում Իրաքյան Քուրդիստանի հետ։ Նրանք այս ամենը տեսնում են, բայց ներքին լսարանին պետք է իրենց ձախողումները հրամցնեն։ Քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան չի ընդունում Այա Սոֆիայի տաճարը մզկիթ վերածելը… Նրանք պարզապես փորձում են իրենց հասարակությանը մոբիլիզացնել, նաև քրդերի հետ կապված իրավիճակն է Թուրքիայում սրվել։ Այս ամենը գործոններ են, որոնք կարող են այդ պետություններին դրդել սադրանքների։ Մենք պետք է աչալուրջ լինենք»։

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ