«Այդ դեղի հակացուցված լինելու մասին անկետայում գրված չի եղել… »Սիրունյանը՝ ծննդկանի մահվան դեպքի մասին

Օրեր առաջ «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած 30-ամյա ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին՝ պնդելով, իբրև թե Սեդայի անկետայում նշված է եղել դեղի հակացուցված լինելու մասին, ինչը, իմանալով հանդերձ, տվել են:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մահացած ծննդկանի բժիշկ, «Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանը վսահեցրեց՝ այն դեղը, որը տվել են և ալերգիա է առաջացրել ծննդկանի մոտ, դրա մասին անկետայում գրված չի եղել. «Անկետայում միանշանակ գրված է եղել դեղի անունը, որից ինքը ալերգիա ունի: Բայց նրան արվել է լրիվ ուրիշ խմբի դեղ, որից ինքը ևս ալերգիա ուներ, սակայն այդ մասին անկետայում գրված չի եղել և չենք էլ իմացել»,- պարզաբանեց Սիրունյանը:

Նա նշեց, որ մեծ ցավ է ապրում կատարվածի համար և ցավակցում հարազատներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին «Շենգավիթ» ԲԿ-ում մահացել է 30-ամյա ծննդկան Սեդա Ա.: Նա «Շենգավիթ» ԲԿ է դիմել հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով, սակայն հաջողվել է կյանքը փրկել: Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը՝ կնոջը ներարկվել է այլ խմբի հակբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի: Հիվանդության անամնեզը նշված է եղել ծննդկանի բժշկական փաստաթղթերում: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50սմ հասակով: Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին՝ ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ