Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իրավիճակն այսօր լարված է եղել, վաղ առավոտյան այստեղ 30-ամյա ծննդկան է մահացել: Կնոջ մահվան մեջ նրա հարազատները մեղադրում են բժիշկներին՝ նշելով, թե նրանք ներարկել են դեղամիջոց, որի պատճառով կինը մահացել է, սակայն կենտրոնի գինեկոլոգը հակառակն է պնդում: Ըստ նրա՝ ներարկել են այլ դեղամիջոց, ոչ այն մեկը, որից ծննդկանն ալերգիա ուներ: Նա վստահ է՝ բժիշկները ոչ մի բանում չեն թերացել:
Մահացած ծննդկանի հարազատներն այսօր վրդովված գնացել են հիվանդանոց, մեղադրել բժիշկներին՝ կնոջը սպանելու մեջ:
Հաստատության մանկաբարձ-գինեկոլոգ, գլխավոր բժշկի տեղակալ Ռուսուդան Վարդանյանը մեզ հետ զրույցում խոսելով դեպքի մասին, նախ ամբողջ անձնակազմի, հետո անձամբ իր անունից ցավակցեց Ա․Ս․-ի ընտանիքին՝ անդառնալի կորստի համար:
«Սա մեծ ողբերգություն է առաջին հերթին իրենց ընտանիքի, բայց նաեւ մեզ համար, ցանկացած մոր եւ երեխայի կյանք մեզ համար գերկարեւոր է, հավատացեք մենք բոլորս փորձում ենք այնպես անել, որ նման դեպքեր չունենանք»,- նշեց նա:
Բժշկի խոսքով՝ կինը կենտրոն է դիմել երեկ: Գնահատելով նրա ընդհանուր վիճակը՝ դրվել է ախտորոշում՝ բարդացած գինեկոլոգիական անամնեզ, բարդացած սոմատիկ անամնեզ, բարդացած մանկաբարձական անամնեզ, ծննդաբերության լատենտ փուլ՝ հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Սեպտեմբերի 18-ին նա ծննդաբերել է, ունեցել հասուն, կենդանի աղջիկ: Մոր կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել:
Խոսելով այդ օրվա դեպքի եւ մահվան հնարավոր պատճառների մասին՝ Վարդանյանը նախ նշեց, որ տեղյակ են եղել, որ կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով եւ սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել:
Իմանալով, որ նա ունի ալերգիա նշված խմբի հակաբիոտիկների նկատմամբ եւ հաշվի առնելով երկարատեւ անջուր շրջանը (մոտ 9-ը ժամ), հիվանդության անամնեզը, կնոջը ներարկվել է այլ խմբի հակաբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական արձանագրության:
Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ: Երեխան ծնվել է առողջ:
Մանրամասնելով տեղի ունեցածը՝ Վարդանյանը նշեց, որ ծննդկանի մոտ ախտորոշվել է վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա (հարցականով):
Ինչպես բացատրեց բժիշկը, առաջնահերթ կասկածել են անաֆիլաքսիա, բայց քանի որ մանկաբարձության պրակտիկայում ունեն շատ ծանր բարդություն՝ հարպտղաջրերով էմբոլիա, որը նույնպես համակցվում է նույն գանգատներով, դա եւս կասկածել են ու նշել հարցականով:
Անմիջապես ձեռնարկվել են հակաշոկային միջոցառումները, հրավիրվել են հերթապահ ռեանիմատոլոգները, որոնք հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել եւ նրան տեղափոխել վիրահատարան: Միջոցառումները շարունակվել են, սակայն ծննդաբերությունից 40 րոպե անց վիրահատարանում էկրանի վրա ֆիքսել են սրտի կանգ: Միջոցառումների ընթացքում հնարավոր է եղել վերականգնել սրտի աշխատանքը, սակայն կարճատեւ: Արված քայլերը լուրջ արդյունք չեն տվել, եւ կինը մահացել է:
Ռուսուդան Վարդանյանն ընդգծեց, որ ամեն բան խիստ ցուցումով է արվել, քանի որ իրենց ԲԿ-ն աշխատում է ըստ միջազգային եւ ՀՀ առողջապահության նախարարության արձանագրությունների, ուղեցույցների:
«Որեւէ բժիշկ ինքնիրեն չի մտածում այս կամ այն նշանակումը, ամեն ինչ արվում է ըստ արձանագրությունների եւ առկա գործելակերպի»,- նշեց նա:
Բժշկի խոսքով՝ դեղամիջոցը, որը ներարկել են թարախասեպտեիկ բարդությունները կանխելու համար է եղել, որոնք, ըստ նրա, կյանքին սպառնացող են:
Նա իր խոսքում նաեւ անդրադարձ կատարեց հնչող մեղադրանքներին, օրինակ, որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե Ա․Ս․-ի դին գաղտնի պահելու համար փորձ է կատարվել այն այլ մուտքով տեղափոխել:
Բժիշկը նկատեց՝ թաքցնելու որեւէ հարց, փաստ չկա. աշխատել են ընթացակարգով: Մահն արձանագրվել է, հայտնել են ոստիկանություն, ԱՆ: Ինչ վերաբերում է մուտքերին, ԲԿ-ն ունի երկուսը: Հիվանդները, նրանց հարազատները մի մուտքից են մտնում, իսկ երկրորդը հարմարեցված է շտապօգնության եւ անձնական մեքենաների համար: Այս դեպքում դին պետք է դնեին շտապօգնության մեքենայի մեջ:
«Վրդովմունքը, էմոցիաները գերակշռում են այս հարցում, դեպքը եղել է, հարազատներին տեղյակ ենք պահել»,- նշեց բժիշկը՝ հավելելով, որ լիովին կիսում է նրանց ցավն ու վրդովմունքը, բայց կարծում է՝ աշխատակիցները որեւէ հարցում չեն թերացել: «4 ժամ երկու բրիգադ՝ սրտաբանները եւ ռեանիմատալոգները մի րոպե հիվանդից հեռու չեն գնացել, փորձել են անել անհնարինը»: