Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների անունները

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Այս մասին հայտնել է 1lurer.am-ը:

Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են․

Վարդան Ալեքսանյան– 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր.

Ստեփան Մարտիրոսյան– 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր.

Վազգեն Ավետյան– 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական.

Հովհաննես Թովմասյան– 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար.

Արթուր Սահակյան– Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող.

Ռուդիկ Տեր-Գալստյան- «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր.

Հովհաննես Մովսիսյան– ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն.

Արմեն Սարգսյան– տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար.

Արմեն Պահլավունի– Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար.

Ռուբեն Թումանյան– ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր.

Արման Չիլինգարյան– Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր.

Նունե Էլմասյան– 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր.

Արմեն Ահարոնյան, 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:

Համաձայն մրցույթի սահմանված կարգի՝ մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։

Այս պահին Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է մրցույթի մասնակիցներից Արմեն Սարգսյանը: Մինչեւ այդ նա զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալի պաշտոնը։ Արմեն Սարգսյանը Հանրայինի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այն բանից հետո, երբ Խորհուրդը ժողով էր արել եւ ընդունել նախկին տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ազատման դիմումը:

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ապրիլի 20-ին պաշտոնական հայտարարություն էր արել, որով տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Գրիգորյանը ազատման դիմում էր գրել այն բանից հետո, երբ Հայաստանի մի շարք հեռուստաալիքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձից առաջ կատարված նախապատրաստական աշխատանքների կադրերը հայտնվել էին համացանցում: Կադրերը, որտեղ ՀՀ վարչապետը հազում եւ ջուր է խմում, մոնտաժվել, ապա կրկնություններով ու ռաբիս երաժշտության համակցությամբ տարածվել էին համացանցում: Անմիջական հեռարձակում ապահովել էր Հանրայինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ