Խորհրդարանում տարրական դասարանների աշակերտների դիմակ կրելու, կանխատեսվող առողջական վտանգների մասին այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին հարց է ուղղել «ԲՀԿ» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Դիմակների կրման հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է, նաև տարբեր երկրների փորձ է ուսումնասիրվել: Իհարկե, կարգավորումն առողջապահական բնույթի է, բայց մեզ համար առանցքային նշանակություն ունի: ԱՀԿ ուղեցույցերով՝ դիմակների կրումը կարող է նախատեսվել արդեն վեց տարեկանից սկսած՝ կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից և գործող կարգավորումներից: Ինչ վերաբերում է կոնկրետ իրավիճակին, ապա մենք քննարկում ենք հնարավորությունները, մասնավորապես, օրինակ, քննարկվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը ոչ թե պարտադիր, այլ ցանկալի՝ որպես նորմ ունենալու հնարավորությունը»,-ասաց Անդրեասյանը: