ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ավարտվել են Արենի միավորված համայնքի Ռինդ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՏԶՀ մամուլի ծառայությունից։
Մանկապարտեզի շենքը կառուցվել էր դեռևս յոթանասունականներին և գտնվում էր անմխիթար վիճակում։ 2011 թվականի համապատասխան ստուգումների արդյունքում նախակրթարանների չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով արձանագրություն էր կազմվել և արգելվել էր գործունեության շարունակությունն` այդ պայմաններում. խոհանոցը, սանհանգույցները և խմբասենյակները կառուցումից ի վեր հիմնովին չէին նորոգվել։
Հաշվի առնելով հանգամանքը, որ մանկապարտեզի նորոգումը համարվել էր համայնքի առաջնային խնդիր, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի` հենց առաջին բաղադրիչով մեկնարկեցին շինարարական աշխատանքները։ Շենքի վերանորոգումից զատ` իրականացվել են նաև երեսպատման, բակի բարեկարգման աշխատանքներ։ Մանկապարտեզը ապահովվել է անհրաժեշտ գույքով։ Արդյունքում կառույցն արդեն պատրաստ է իր հարմարավետ ու լուսավոր հարկի տակ ընդունել Արենի, Չիվա, Ռինդ և Ելփին բնակավայրերից 100 երեխայի։
Շինարարության իրականացման համար ներդրվել է 126 մլն 733 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքի քսանչորս տոկոսը կառավարության, չորս տոկոսը համայնքի համաֆինասավորումն է, մնացածը համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներն են։