Շենգավիթ ԲԿ-ում լարված իրավիճակ է. մահացած ծննդկանի հարազատները թույլ չեն տալիս դիակը հեռացնել հիվանդանոցից

Այս պահին Շենգավիթ բժշկական կենտրոնի դիմաց լարված իրավիճակ է։ Այսօր նույն հիվանդանոցի ծննդատանը մահացած ծննդկանի հարազատները թույլ չեն տալիս, որ կնոջ դիակը շտապօգնության մեքենայով տանեն հիվանդանոցից։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մահացածի քավորկինը՝ Արփինեն։
Մահացած 30-ամյա աղջկա հարազատների խոսքով խնդիրն այն է, որ վաղ առավոտյան մահը գրանցվելուց հետո մինչ այս պահը իրավապահները դեռ հիվանդանոց չեն եկել, դիակի հետ որեւէ քննչական գործողութուն չի կատարվել և հարազատները չեն համաձայնվում, որ դիակը տանեն.«Թող իրավապահները գան, իրենց գործողությունները կատարեն, զննեն ամեն ինչ։

Բայց մենք ոնց հասկանում ենք հիմա փորձ է արվում դիակն արագ հեռացնել հիվանդանոցից, որ բժշկի մեղքի հետքերը թաքցվեն»,-ասացին հարազատները։
Մահացած ծննդկանի՝ Սեդայի քավորկինը մեզ պատմեց, որ սա Սեդայի առաջին հղիությունն էր, անցել է առանց որեւէ բարդության, խնդրի։ Նախօրդ օրը Սեդան հիվանդանոց է գնացել, քանի որ արդեն ծննդաբերության ժամանակն էր և որոշվել էր արհեստական ցավերով խթանել ծննդաբերությունը։ Սակայն Սեդայի ամուսինը երեկ գիշեր Սեդայի բժշկից՝ Աշոտ Սիրունյանից զանգ է ստանում, որի ժամանակ բժիշկը ամուսնուց հետաքրքրվում է՝ Սեդան կոնկրետ դեղից ալերգիա ունի, թե ոչ։ Ամուսինը զարմանում է այդ հարցից, քանի որ ծննդկանի անկետայում արձանագրված է եղել, որ Սեդան շատ ուժեղ ալերգիա ունի անտիբիոտիկներից։ Դրանից հետո գիշերը ժամը 3։00-ին բժիշկը մի դեղ է ուզում ամուսնուց, որը թոքերում և երիկամներում կուտակված ջուրը հեռացնելու համար է. «Այդ դեղն ուզում են ամուսնուց, բայց ոչ մի տեղեկություն կնոջից չեն ասում, չեն էլ թողնում բարձրանալ վերև։ Բայց այդ ընթացքում աստիճանաբար հիվանդանոցում անվտանգության աշխատողներ են հավաքվում։ Իրենք երևի հասկացել էին, որ պայթյուն է տեղի ունենալու, երբ պարզվի, որ Սեդան մահացել է։ Ի վերջո Սեդայի եղբայրը մի կերպ բարձրանում է վերև ու իմանում է, որ Սեդան արդեն մահացել է, դրանից հետո լուսադեմին նոր տեղեկացնում են հարազատներին »,-ասաց Արփինեն։

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք անմիջապես ոստիկանություն են զանգել, սակայն ոստիկանությունը «ոտքը կախ է գցում» և դեռ հիվանդանոց չեն գնացել։ Դրան զուգահեռ էլ դիակը շտապօգնության մեքենայով փորձում են հեռացնել հիվանդանոցից։ «Երևի ուզում են մինչև ոստիկանության գնալը ներքին կարգով մաքրեն իրենց հետքերը, որ Սիրունյանի անվան վրա բիծ չհայտնվի, բայց դա չի լինելու, քանի որ Սիրունյանը գիտեր, որ Սեդան ալերգիա ունի, դա արձանագրված է նրա անկետայում։ Այլ պատճառ այս պահին չկա։ Մենք վստահ ենք, որ անտիբիոտիկն է եղել պատճառը, քանի որ երբ բժիշկը զանգել է՝ հարցրել է՝ Սեդան ալերգիա ունե՞ր, թե ոչ»,-ասաց Արփինեն։

Արփինեն նշեց, որ երեխայի կյանքը փրկել հաջողվել է։ Լույս աշխարհ է եկել աղջիկ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ