Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված 2020 թվականին մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրեթե 60 տոկոսով գինիների սպառումը նվազել է. Հայաստանից գինիների արտահանումը նվազել է 20 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։
«Գինին որպես առաջնային անհրաժեշտության արտադրանք չէ, ուստի ճգնաժամային պայմաններում մարդիկ չէն շտապում գինու պաշարներ հավաքել։ Գինի խմելը ժամանցի ձև է, սակայն կորոնավիրուսով պայմանավորված փակվեցին բոլոր ռեստորանները, բարերը, ժամանցի վայրերը, կտրուկ նվազեցին և ներքին շուկայի սպառումը, և արտահանման ծավալները»,- ասաց Մուրադյանը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի խոսքով՝ հուլիսից մինչ օրս գինու վաճառքը մի փոքր ակտիվացել է։ Մուրադյանը հուսով է, որ մինչև տարվա վերջ գինու սպառումը կավելանա։
«2019 թվականին արտադրվել էր 12 միլիոն 670 հազար լիտր գինի և ,սովորաբար, 30 տոկոսը արտահանում էինք, 60 տոկոսը սպառում էինք ներքին շուկայում, իսկ մոտ 10 տոկոս որպես ռեզերվային գինի մնում են մառաններում։ Քանի որ մառանները լի են գինիներով, գինեգործական ընկերությունները մթերումը իրականացնելու են այնքան չափով, ինչքանով սպառվել է։ Իհարկե, ֆերմերներին աջակցելու նպատակով փորձելու են ավելի շատ մթերել, բայց մենք որպես հիմնադրամ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապահովենք գինիների սպառում և հնարավորինս սահուն անցկացնենք 2021 թվականի մթերումները»,- եզրափակեց Մուրադյանը։