Աղբ մի՛ նետեք. բնության մեջ այն տեղ չունի …
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Անկախության տոնին ընդառաջ` սեպտեմբերի 19-ին, Վանաձոր համայնքում` Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում, «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում անցկացնելու է մաքրապատման միջոցառում:
«Ակնկալում ենք համայնքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցություն: Միջոցառման նպատակն է մասնակիցներին ցույց տալ, որ մենք ենք պատասխանատու մեր գոյացրած ու շրջակա միջավայր նետած աղբի համար և մենք ենք ձևավորում մաքուր միջավայրը», — նշում է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի բնապահպանական ծրագրերի համակարգող Դավիթ Շինդյանը։
#մաքրապատում — Հավաքված աղբից պլաստիկը կառանձնացվի և կուղարկվի վերամշակման, իսկ մնացած աղբը կտեղափոխվի աղբավայր։
Միջոցառման ընթացքում համայնքի երիտասարդները կսովորեն, որ անձնական նախաձեռնություն ցուցաբերելով՝ իրենք կարող են զգալի փոփոխություն առաջացնել իրենց համայնքում: Միջոցառումը մասնակիցներին կտա գործնական փորձ` նմանատիպ նախագծեր այլ բնակավայրերում իրականացնելու համար: Մասնակիցները կբաժանվեն մի քանի խմբերի, և մաքրապատման աշխատանքները կիրականացվեն խաղ-մրցույթի ձևաչափով։ Թիմային աշխատանքն այս միջոցառման հաջողության գրավականն է: Հաղթող թիմը կստանա խրախուսական նվերներ, մյուս մասնակիցներն նույնպես անմասն չեն մնա՝ կստանան հուշանվերներ:
#ճամբարում — Մասնակիցները սեպտեմբերի 19-ին, ժամը 10:30-ից հավաքվում են Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում: Մասնակիցները բաժանվելու են չորս խմբերի՝ յուրաքանչյուրն ունենալու է իր ավագը, որը համակարգելու է թիմի աշխատանքները:
Լուսանկարներում՝ Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտին այս տարվա սեպտեմբերի 2-ի դրությամբ։