Սա հակամարտություն է․ Արայիկ Հարությունյանին «խփելով» փորձում են թուլացնել Փաշինյանի դիրքերը

Ազգային ժողովն այսօր մերժեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնակության հարց բարձրացնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը: Նախագծին կողմ է քվեարկել 35, դեմ՝ 84 պատգամավոր: Խորհրդարանը բավականին սուր է արձագանքել այս առաջարկին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Էդգար Վարդանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Ակնհայտ է, որ կա հակամարտություն նախկին քաղաքական ռեժիմի, որոշ քաղաքական խմբավորումների և իշխանության միջև, ամեն պատրվակ օգտագործում են կառավարող ուժին հարվածելու համար,- նկատեց Էդգար Վարդանյանը:- Շատ դեպքերում «փուչիկ է փչվում», և շատ դեպքերում կառավարող ուժը ավելորդ կարևորություն է տալիս արհեստական խնդիրներին: Այդ ուժերը առիթներն օգտագործելով՝ փորձում են իրենց դիրքերն ամրապնդել, դրանք քաղաքական ուժեր չեն. գործ ունենք նախկին օլիգարխիկ խմբերի ներկայացուցիչների կամ դեռևս չկայացած ուժերի հետ: Կան նաև խմբեր և անհատներ, որոնք կառավարող ուժի իրական օպոնենտն են և իրական խնդիրներ են բարձրացնում»:

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ իշխանության հակառակորդները ճիշտ թիրախ են ընտրել. «Այս իշխանությունը վերջին տասնամյակներում առաջին անգամ բարձրացրեց կրթության և մշակույթի դերի առաջնայնության հարցը: Իշխանության հակառակորդը ճիշտ է ընտրել թիրախը, ԿԳՄՍ նախարարն ազդեցիկ է, նրա ձախողումը կնշանակի հեղափոխության ձախողում:

«Արայիկ Հարությունյանի դեմ պայքարող ուժերը դեռևս չեն կարող «կուլ տալ» Նիկոլ Փաշինյանին,- նշեց Գարեգին Միսկարյանը,- նրանք ընտրել են շատ ճիշտ թիրախ՝ իրենց տեսանկյունից: Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի թիմի առանցքային դերակատարներից է, և «խփելով» Արայիկ Հարությունյանին՝ փորձում են թուլացնել Նիկոլ Փաշինյանի դիրքերը»:

Ազատ Արշակյանն ընդգծեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի «հանձնել» Արայիկ Հարությունյանին, ԱԺ-ում 88 ձայնով կհանձնեն նրան: «Վարչապետը պետք է ավելի կոշտ լինի. նա պետք է առաջին գծում լինի, օրինակ ծառայի յուրայինների համար և ցույց տա, որ իշխանությունը պարտվողական չէ, և համարժեք պատասխան պետք է տա հակառակորդներին»,- նշեց նախկին պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ