365news-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը
-Պարոն Քոչարյան, Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, անցել են անձնական որակումներին։ Ինչպե՞ս հասկանալ երկու առաջնորդների այս լեզվակռիվը։
-Իմ խորին համոզմամբ, ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը արհեստածին էր, որովհետև այն, ինչի մեջ մեղադրում են նրան, ամբողջ ծավալով հերքվեց։ Այն, ինչ ակնկալվում է, որպեսզի մոռացվածները և մերժվածները օրակարգ ստեղծեն իրենց գոնե չմոռանալու համար, վերածվել է մշտական տեղապտույտի։ Նրանց ուղղված մեղադրանքները կոնկրետ են։ Շատ տևական ժամանակ իշխանությունն ուզուրպացնելու և այդ իշխանությունն ի նպաստ անձնական հարստացմանն ու մեր երկրի տկարացմանը վերաբերվող մեղադրանքներ են։ Դրսում հայտնված ուժերը, անհատները, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց քոմփընին (այն հայտնի հեռուստաընկերությունները, որոնք վճարվում են այս մարդկանց հաշիվներից) անընդհատ խնդիրներ են ստեղծում իշխանության համար խարդավանքների միջոցով, որպեսզի հասնեն նրա տկարացմանը։ Բայց իրենք որևէ շանս չունեն։
Որպեսզի մեր ժողովուրդն այլևս չմերժի նրանց, նրա հիշողությունը պետք է վերանա։ Իսկ հիշողությունը չի վերանում։ Մարդու հիշողությունը ո՞նց կվերանա։ Մեր ժողովուրդը հիշում է, որ իշխանության ուզուրպացիան սկսվել է հոկտեմբերի 27-ով։ Եվ այդ ընթացքում իրենք կարողացան նաև լուրջ անդունդ ստեղծել Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Մինչ այդ չի եղել «ղարաբաղյան կլան» հասկացություն, դա մտավ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շնորհիվ։ Հիմա, երբ նրանք չկան, այդ հասկացությունը վերացել է։ Այսօր Ղարաբաղը մեր անվտանգության կարևորագույն մասն է, այնտեղ ապրում են մեր հայրենակիցները, այն դառնում է աշխարհի հրաշալիքներից մեկը, 90-ականների սերունդը և նրանց սերունդը և այսօրվա իրողությունը մեզ պարտադրում է այդ անվտանգության գոտին պահել անառիկ, որպեսզի այդ հրաշքը ոչ միայն զարգանա, այլև մնա Հայաստանի ամրություն։ Մեր խնդիրն է մեր երկրում հեղափոխական փոփոխություններ ապահոված սերնդի անկասելի ընթացքը շարունակական և ժառանգական դարձնել։
-Ձեր կարծիքով` Ծառուկյանը խաղում է ձեր ասած նախկին «ղարաբաղյան կլանի» դաշտու՞մ։
-Ծառուկյանը պետք է որևէ դաշտում չխաղար։ Նա ասում է մտքեր, որոնք չունեն քաղաքական ընթացք։ Նա գործարար դաշտի ներկայացուցիչ է։ Այսօրվա օրակարգում կա այն, որ գործարարը զբաղվի գործարարությամբ, քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Հիմա երբ այդ փոփոխությունները մտնեն գործողության մեջ, մենք կունենանք մեկ այլ իրողություն, որը կհաստատվի կա՛մ հիմա, կա՛մ հաջորդ ընտրություններին։ Մեր ժողովուրդը արդեն կլուծի այն խնդիրը, որ քաղաքական դաշտում գործեն քաղաքականության կանոնները, բիզնեսում՝ բիզնեսի կանոնները։ Եվ այդ դեպքում մենք կունենանք ներդաշնակ զարգացման գործընթացներ։
Թեպետ այն ուժերը, որոնք այսօր մեղադրվում են քրեական գործերի շրջանակում, ամեն ինչ անելու են, որ այդ գործերը հեռացնեն իրենցից։ Այն, ինչ մենք տեսնում ենք Մարտի 1-ի դատավարության ամբողջ ընթացքի մեջ։ Արդեն իրենց հարցազրույցներում սկսել են հակասել իրենց։ Քոչարյանն ասում է, որ «Սիստեմա» տնօրենների խորհուրդ է մտել 0 դրամով, այսօր ասում է՝ իմ հիմնական ապրուստը «Սիստեմայից» ստացած դիվիդենտներն են։ Դրանք ի՞նչ դիվիդենտներ են, ի՞նչ փայաբաժիններ են։ Իրենք շատ լավ հասկանում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ապօրինի հարստացման հետ կապված փաթեթը մի օր իրենց դուռը ծեծելու է, իրավաբանական ֆակուլտետ ավարտած քննիչը մի օր իրենց դուռը ծեծելու է և հարցնի՝ էս ձեզ որտեղի՞ց, ախպեր ջան, արդյո՞ք ձեր ունեցվածքը կապ չունի մեր երկրի տկարացման հետ, որն էլ պատճառ դարձավ ապրիլյան ավանտյուրայի։
Հիմա դուք ասում եք՝ Բարգավաճ-Փաշինյան։ Նման խնդիր չկա։ Նիկոլ Փաշինյանը սովորական վարչապետ չէ, նա հեղափոխության լիդեր է, որը պետք է բոլոր փոփոխություններն իրականացնի։ Էդ մանդատը ժողովուրդը նրան տվել է և թույլ չի տալու, որ որևէ մեկը փորձի նրանից վերցնել այն։ Բայց մենք գիտենք, որ մանդատը նրա ձեռքից վերցնելու հազար ու մի այլ տարբերակներ կան, որոնք վտանգավոր են մեր երկրի անվտանգության տեսանկյունից։ Մենք հոկտեմբերի 27 տեսած ժողովուրդ ենք և ամեն ինչ պետք է անել, որ մեր ներքին կայունությունը լինի առաջնահերթություն, իսկ այդ կայունության երաշխավորը առաջին դեմքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրա համար շատ բարդ է, նա իր ուսերի վրա քաղաքական երկու մեծ ֆունկցիա է իրականացնում՝ ինքը և՛ իշխանություն է, և՛ շատ դեպքերում ընդդիմություն է այդ իշխանությանը, որովհետև հեղափոխության օրակարգը պետք է իրականացնի այն միջավայրում, որը ձևավորվել է վերջին 20 տարում։
20 տարի էդ միջավայրը կադրային քաղաքականությամբ, հովանավորությամբ այնպես է ձևավորվել, որպեսզի իշխանությունը մնա հավերժ։ Բայց իշխանությունը երբեք հավերժ չի լինում, որովհետև ինքն էլ է իրենից հոգնում, պարզապես հոգնում է։ Որովհետև չի կարելի հավերժ անել վատ բաներ ու մարսել։ Դա չի լինի։ Հետո հայտնվում են փեսաներ, զոքանչներ, սկսում են ֆիլմեր նկարել իրենց մասին։ Բայց դա կեղծ օրակարգ է։ Խոսում են հակամարտության մասին։ Ո՞վ է խնդրում կեղծ օրակարգեր բերել քաղաքական դաշտ։ Էդ կեղծ օրակարգը, տեսանք, գնաց Արցախ, եկավ էստեղ, հետո Մարգարիտ Սիմոնյանի միջոցով գնաց Ռուսաստան, էնտեղ անիմաստ պտույտ կատարեց։ Հիմա փորձ է արվում Հայաստանում տիրող վիճակը ամեն տեղ ներկայացնել շատ ողբերգական։ Նայում ես՝ կորոնավիրուսի թվերը բարելավվում են, ասում են՝ մեկ է, վիճակը ողբերգական է։
-Ծառուկյանն իր խաղը չի՞ խաղում։
-Ո՞րն է նրա խաղի իմաստը։
-Լինել ընդդիմություն։
-Ընդդիմությունը նույնպես պատասխանատվություն է, ոչ պակաս իշխանություն է։ Ընդդիմությունը միայն հակա խոսող չէ, այլ իշխանության հակաթև, որը պետք է երկրի կայունությունն ապահովի։
-Ինքը երկար ժամանակ չէր խոսում Փաշինյանի դեմ։
-Որովհետև ի հայտ եկան բազմաթիվ քրեական գործեր։ Եվ այդ քրեական գործերն ունեն ճյուղավորումներ, սկսում է Հյուսիս-հարավ ճանապարհից, գնում է մեկ այլ տեղ, գնում է բյուջեի հետ կապված պարտավորությունների չկատարում։ Մերժված ուժերը կասկածի տակ են դնում Գագիկ Խաչատրյանի մեղավորությունը՝ ո՞նց կարելի է դատել նրան։ Բա ո՞նց կարելի է երկիրը ունեզրկել, պահել ֆիլիպինկեք իրենց ընտանիքի սպասարկման համար։ 30 տարի առաջ Ամասիայից եկել է Երևան ու պարզել, որ ճիշտը ֆիլիպինկեք բերելն է ու գումարը ծախսել ոնց ուզում է։ Այդ գումարը պետք է ծախսվեր մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար, ոնց որ Նորվեգիայում են անում, եթե ուզում են կառուցել սոցիալապես ապահով երկիր։
-Պարոն Քոչարյան, Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական մի քանի գործ կա, ինչու՞ է վարչապետը հիշում հենց բռնաբարության գործը։
-Գիտե՞ք ինչ, խնդիրը բռնաբարության գործը չէ։ Եթե մարդը մտնում է քաղաքականության մեջ, պետք է հիշի, որ բոլոր թաքցված գործերը բացվելու են։ Հիմա ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչ չափով է մտնում քաղաքական գործընթացների մեջ, որովհետև քաղաքականությունը ռիսկային է։ Եթե հիշում եք, մի հատ հայտնի ասացվածք կա՝ բոլոր մեծահարուստները խուսափում են խոսել իրենց առաջին միլիոն դոլարի մասին։ Ու դրա մեջ լիքը գաղտնիքներ կան, ու խելոք են նրանք, որոնք այդ թեման շրջանցում են։ Լավ կլիներ ամենքը իր ճակատագրին տված հնարավորություններից օգտվելուց քարերը նետելու և քարերը հավաքելու մասին ճիշտ ընկալումներ ունենա։ Հիմա նա ո՞նց է ընկալում ճակատագրի ընձեռած հնարավորությունը։
-Հիմա ըստ ձեզ՝ ինչպե՞ս պիտի վարվի Փաշինյանը Ծառուկյանի հանդեպ։
-Փաշինյանը երկիր է ղեկավարում։ Ըստ այդ կառավարման, եթե կան անհամաձայնություններ, պետք է հստակ քաղաքական տեքստերով խոսել։ Եթե կան կոնկրետ մեղադրանքներ, պետք է շարժվել իրավական տրամաբանությամբ, պետք է պաշտպանական ուղեգիծ վերցնել և այդպես իրականացնել քաղաքականություն. ճիշտ պաշտպանությունը քեզ կտա քաղաքական դիվիդենտներ։ Բայց եթե օրակարգ է ձևավորվում, ասենք, ինչպես «Լուսավոր Հայաստանը», որը պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, որտեղ կան դրույթներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում… այնտեղ աղավաղված են չափորոշիչները, դասագրքերի մասին պատկերացումները։ Արդյունքում չեն ունենում աջակցություն։ Աջակցությունը մնում է գործող իշխանությանը։ Լավ կլիներ, որ ընդդիմությունն էլ սերնդափոխվեր, իշխանությունն իր կողքին ունենար էնպիսի սերնդափոխված ընդդիմություն, որն ավելի մեծ օրակարգ է պարտադրում իշխանությանը, որն ընտրված է։ Որովհետև էսպիսի օրակարգով մերժվածները, որքան երևում է, տեղ հասնելու ճանապարհ չունեն, որովհետև անցյալում են մնացել։
-«Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» ձեզ արժանի ընդդիմություն չե՞ն։
-Ես կարծում եմ՝ նրանց ծրագրերը պետք է արժանի լինեն իշխանության ներկայացրած օրակարգին։ Եթե նրանց քաղաքական օրակարգը չի համապատասխանում իշխանության հետ մրցակցության օրակարգին, հետևաբար արժանի չեն։ Նայեք, թե ով ինչի մասին է խոսում։ Խոսելուց բացի՝ դու պետք է սպասարկես նաև քո ասածի առավելությունը դիմացինի նկատմամբ։ Ես հլը չեմ տեսնում որևէ հարցում հստակ առավելություն։
-Այսինքն, դուք իրենցից վախենալու բան չունե՞ք։
-Անձամբ ես՝ ոչ։ Ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնություն ներկայացնող որևէ մեկը չունի վախենալու բան։ Եվ պետք չէ, որ վախենանք, մեզ պետք է ընդդիմադիր գործընկեր, որը մեր թիկունքին կշնչի։ Ես շատ կուզեմ, որ իշխանության որակը չընկնի։
-Այսինքն, այսօր չկա՞ այդպիսի ընդդիմություն։
-Դուք տեսնու՞մ եք։
–․․․
-Բա եթե դուք չեք տեսնում, ես ո՞նց տեսնեմ։ Ես ձեր միջոցով պետք է տեսնեմ, չէ՞, նաև։ Բոլոր մեր տեղեկատվական կայքերը սպասարկում են կոնկրետ դրամական չափաբաժիններով կոնկրետ օրակարգ։ Էդ օրակարգը քաղաքական չէ, այլ սրան-նրան վարկաբեկելու օրակարգ է։ Ֆեյքերի ֆերմա է։ Իրիկուններն ուզում եմ հասկանալ, թե նրանք ինչի՞ համար են։
-Նրանք տրամադրություններ ստեղծելու համար են։
-Էդ տրամադրությունը պետք է լինի իրական կյանքում։ Նրանք վիրտուալ տրամադրություններ են ստեղծում։ Ես կարող եմ անջատել նրանց, ինչպես վարդակից են անջատում։
-Բայց ես մի հինգ ամիս կարող եմ ասել, որ դուք վատ քաղաքական գործիչ եք ու հինգերորդ ամսում, հույս ունեմ, որ դա կաշխատի։
-Անդրանիկ Քոչարյանը ձեր ասածի արդյունքում չի հիվանդանում։ Բայց դուք կարող եք այնքան ախմախ բաներ ասել, որ ես հիվանդանամ քաղցկեղով, ոնց որ շատերի հետ է դա պատահել։ Այսինքն, բացասական էներգիան էկրանի մյուս կողմից հասնում է ինձ։ Ինքը իմ վատն է ցանկանում, ազդում է իմ հոգեկանի վրա, որը հանգեցնում է հիվանդությունների։
-Բայց դա ինձ՝ որպես ձեզ վարկաբեկողի, հետաքրքիր չէ։
-Այդ դեպքում ձեր պավիրատուի նպատակը ո՞րն է։
-Ձեզ վարկաբեկելը։
-Ինձ վարկաբեկեց, կորցրեց նորմալ մարդու, քաղաքացու, վաղն ու՞մ է կառավարելու։
-Բայց նրա կարծիքով՝ դուք խոչընդոտ եք իր առաջխաղացման համար։
-Ո՞նց։ Նրանց դաս չեղավ։ Այնպես մերժվեցին, որ մի քանի սերունդ իրենք մերժված են։ Վերադառնալու համար իրենց 11-րդ Կարմիր բանակն է պետք։ Չկա այդ բանակը։ Ամբողջ աշխարհում չկան այդ բանակները։ Կամ հետևից խփող ուժեր են պետք։ Հետևից խփողներին արագ հնարավոր է բացահայտել ու ոչնչացնել։ Պառլամենտական երկրի առավելությունը նախագահականից նաև դրա մեջ է՝ պառլամենտարիզմի կառավարումը մի անձով չի պայմանավորված, համակարգով է պայմանավորված։ Էդ համակարգն օր-օրի կայանում է, և քաղաքական մեծամասնությունն ու ընդդիմությունը այդ համակարգի մեջ են։ Եվ մտքներով թող չանցնի… եթե մտածում են ինչ-որ երկաթի կտորի միջոցով կարող են քաղաքական օրակարգ ձևավորել: Չկա նման բան։