«Կարծում եմ, որ բոլորը հասկանում են` ում է ուղղված վարչապետի գրառումը…». Ալեն Սիմոնյան

Երբ որ մենք եղել ենք ընդդիմություն, մենք մեզ թույլ չենք տվել այդ ձեւով քաղաքական քննարկումներ անցկացնել եւ, դրա կարիքը չենք ունեցել, այլ հարց է, որ որոշ մասերի մոտ ստացվում է քաղաքական բանավեճն իջեցնել այդ մակարդակին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 17-ին, ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը`անդրադառնալով վարչապետի աղմկահարույց գրառմանը:

Լրագրողի ճշգրտող հարցին, թե ի վերջո ում էր ուղղված վարչապետի առավոտյան արված աղմկահարույց գրառումը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի կարծում, թե ինքը պետք է մեկնաբանի ում էր, ուղղված. «Կարծում է, որ բոլորը հասկանում են` ում է ուղղված»:

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է իշխող ուժը հիշում, անդրադառնում անցյալում կատարված իրադարձություններին, եթե նույնիսկ արդարացման դատական որոշում է եղել, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ երբ որ խոսվում է պարկեշտության, եկեղեցու, բարոյականության եւ այլասերության մասին, դա իր հետեւից բերում է հակադարձում եւ այդ պատճառով են նման խոսակցություններ տեղի ունենում:

Դիտարկմանը, թե  ինչու էր իշխող ուժը հուշագիր ստորագրում ԲՀԿ-ի հետ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք հուշագիր են ստորագրել նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հետ կապված. «Մենք հուշագիր ունենք եւ ունենալու ենք միայն ՀՀ քաղաքացիների հետ, եւ ասել, որ մենք ԲՀԿ-ի հետ հուշագիր ենք ունեցել դա առնվազն քաղաքագիտական սխալ է»:

Նշենք, որ այսօր առավոտից ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» միջեւ «փոխհրաձգություններ» են տեղի ունենում։

Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

Այնուհետեւ ԲՀԿ առաջնորդն էլ պատասխան գրառում էր արել այն մասին, որ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ