Անցած տարի ես օրենքի նախագիծ էի փորձում շրջանառության մեջ դնել, որով առաջարկում էի, որ ԱԺ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն, այսինքն՝ իրավունք ստանան լինելու պատգամավոր։
Այս մասին այսօր ԱԺ-ում քննարկվող օրակարգային հարցից շեղվելով՝ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
Պատգամավորի կարծիքով՝ եթե ԱԺ պատգամավորներն են ընտրում դատախազին, որը անցնում է այդ չափորոշիչներով, խելամիտ է, որ Ազգային ժողովը նախ ինքը պիտի անցած լինի այդ կրիտերիաներով և հետո իրավունք ունենա ընտրելու, օրինակ, դատախազին։
Քրիստինե Պողոսյանը, սակայն, հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները բացասաբար են վերաբերվել նախագծին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Գագիկ Ծառուկյանը իր այսօրվա հայտարարությունից հետո գուցե միանա օրենսդրական այդ նախաձեռնությանը։ «Զարմանալիորեն այդ ժամանակ շատ վատ արձագանքեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ես զարմացա։
Իմ ընկերները համոզեցին, որ այդտեղ խախտում կա ազատ ընտրության, որ պատգամավոր կարող է ցանկացած մարդ ընտրվել, ամեն դեպքում, ես որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով ընկերներիս հորդորը։ Բայց քանի որ այսօր ԲՀԿ կուսակցության ղեկավարն է նման հայտարարություն արել, երևի մեկ տարվա ընթացքում ինչ-որ բան է փոխվել, մտածում եմ՝ կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը համաձայնի միանալ ինձ այդ նախաձեռնության մեջ, և միասին այդ օրենսդրական նախաձեռնությունը բերենք և հասկանաք՝ արդյոք ԱԺ-ում ներկա գտնվող 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը և իրավունք կունենա՞ն ՀՀ քաղաքացիների համար օրենքներ մշակել, քվեարկել և հաստատել, թե՞ չեն կարողանա»։