Այսօր լրացավ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Արսեն Ջուլֆալակյանի դիմումի հրապարակման 7-րդ օրը եւ, ինչպես քիչ առաջ ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեցին Ազգային ժողովի քարտուղարությունից, նա դիմումը հետ վերցնելու հարցով ԱԺ չդիմեց, արձանագրությունը ստորագրվել է:
Սա նշանակում է, որ Ջուլֆալակյանն այսօրվանից դադարում է պատգամավոր լինել: Առաջիկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կհրավիրի՝ մանդատը «Իմ քայլը» դաշինքի ցուցակի հաջորդ համարին փոխանցելու համար:
Ինչպես տեղեկացրել ենք՝ ցուցակում հաջորդը Կապանից Նարեկ Ղահրամանյանն է: Նա ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ չի հրաժարվի մանդատից, պատրաստ է աշխատել խորհրդարանում:
Պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու պատճառ էր համարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:
Երեկ Արայիկ Հարությունյանը ասուլիսի ընթացքում կարճ անդրադարձ էր արել Ջուլֆալակյանի մեկնաբանություններին, ինչից հետո մարզիկը որոշել է նրան ուղիղ եթերում բանավեճի հրավիրել: