ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ պատրաստվում է «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, այն հանձնաժողով, որը «Իմ քայլը» պատրաստվում է ստեղծել իր եւ Գեւորգ Պետրոսյանի հարցերը լուծելու համար: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, Արփի Դավոյանը, առանց իր թույլտվության լուսանկարելով իրեն ու տարածելով իր լուսանկարները՝ անցել է բարեկրթության եւ բարեվարքության բոլոր սահմանները:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Արփի Դավոյանն ասաց. «Նման նախաձեռնություն, որ «Իմ քայլից» լինի, Նաիրա Զոհրաբյանից չենք իմանա, կիմանանք ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից: Իսկ եթե Նաիրա Զոհրաբյանն ուզում է դիմել էթիկայի հանձնաժողով, պետք է առաջին հերթին հիմնավորի, ասի, թե կոնկրետ ինչու է դիմում, որ ես կարողանամ իր ասածը մեկնաբանել»:
Փոխանցեցինք, որ Նաիրա Զոհրաբյանը գտնում է՝ իրավունք չունեիք առանց իր թույլտվության լուսանկարել իրեն ու տարածել նկարները, մտասեւեռվել եք իր անձի ուղղությամբ ու ինչ-որ կանացի բարդույթներով է դա բացատրում իր նկատմամբ: Ի պատասխան՝ Արփի Դավոյանն ասաց. «Ուզում եմ խնդրել տիկին Զոհրաբյանին, որ այն, ինչ ինքը զգում է եւ մտածում է, չտարածի, չպրոյեկտի այլ մարդկանց, կոնկրետ այս պարագայում ինձ վրա:
Քավ լիցի, ես նման խնդիրներ չունեմ, երբեւիցե չեմ ունեցել: Տիկին Զոհրաբյանն այս բառերն օգտագործում է, որ իր խոսքն ավելի ազդեցիկ լինի: Իհարկե, հաճելի է լսել գեղեցիկ հայերեն, բայց երբ նման բառապաշարով հանդես է գալիս՝ մտասեւեռվել, բարդույթներ, եւ այլն, կարծում եմ տիկին Զոհրաբյանը պիտի աշխատի իր վրա ու փորձի չկենտրոնանալ իր անձի վրա չափից ավելի: Երբ ինքը կենտրոնանում է իր անձի վրա, իրեն թվում է, բոլոր մարդիկ նույնպես կենտրոնանում են իր անձի վրա:
Նման բան գոյություն չունի: Մենք բոլորս այնքան զբաղված ենք, որ կենտրոնանալ նրա անձի վրա եւ այսպես բարդույթավորվել, կարծում եմ, մեղմ ասած ծիծաղելի է: Գուցե նա մի քիչ չկարեւորի իր անձը եւ հանգիստ զբաղվի իր գործերով: Մենք հազար ու մի գործ ունենք եւ մտասեւեռվել, բարդույթավորվել նրա անձից, համոզված եմ, ընդամենը նրա վառ երեւակայության արդյունքն է»: