«Հայաստանի ատոմային էլեկտրական» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել խորհրդակցություն: Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո):
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի կայքից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:
Քննարկվել են 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը.
ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգ (ԱԳՎՍՀ),
ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (թրծաթողում),
հուսալի սնուցման համակարգ (ՀՍՀ):