Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է, որ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն առ այն, թե «Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ապօրինի լինելն այլևս հաստատված է դատարանի որոշմամբ» և որ «Սկսած սեպտեմբերի 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»։
Նախարարությունից տեղեկացնում են, որ տվյալ դիտարկումներն ապատեղեկատվություն են, մոլորության մեջ են գցում քաղաքացիներին, չունեն ոչ մի իրավական հիմք, և չեն վերաբերում դպրոցներում իրականացվող սահմանափակումներին, քանի որ սահմանափակումները կիրառվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշումը (դպրոցների մասով, հավելվածի 20-րդ կետի հիման վրա) և ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 23-Ն հրամանը։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հայաստանում դպրոցներում դիմակ կրելու որոշումը կայացվել է՝ ուսումնասիրելով միջազգային փորձը և հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները և հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը.
«Հարգելի քաղաքացիներ, ծնողներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում չտրվել ապատեղեկատվությանը և հաշվի առնել, որ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում և բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը»։