«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հույսերը չեն արդարանում: Սերգեյ Բագրատյանը իր որոշման մասին հայտնել էր հուլիսի 23-ին, և դրանից հետո այն բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց: Եվ չնայած խմբակցության անդամները հայտարարում էին, թե չգիտեն Բագրատյանի որոշման պատճառները, սակայն տարբեր տեղեկություններ հրապարակվեցին, որ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցված, և նա շուրջ 50 մլն դրամի պարտավորություն ունի, որը պետք է վերադարձնի պետությանը:
Եվ, ահա, պատգամավորը հույս է ունեցել, թե դուրս գալով խմբակցությունից և կուսակցությունից՝ նրան ներվելու է ամեն ինչ, և անգամ գումար վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Սակայն իրականում այդպես չէ, և վերջերս Սերգեյ Բագրատյանին ասել են, որ նա պետք է կոպեկ առ կոպեկ բերի և վճարի ամբողջ գումարը:
Նկատենք, որ Սերգեյ Բագրատյանը կրկին ընդհատակում է, այժմ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին և, առհասարակ, չի շփվում ոչ մեկի հետ: Այսպիսով, Սերգեյ Բագրատյանին ասել են, որ, միևնույնն է, պետք է ամբողջ գումարը նա վերադարձնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: