Ռուսթավի քաղաքում զանգվածային ծեծկռտուքից ու կրակոցներից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել երկու երիտասարդի: Այս մասին հայտնում է «Mtavari» հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերը: Տեղական InfoRustavi գործակալության փոխանցմամբ՝ Ռուսթավիի 4-րդ հանրակրթական դպրոցի բակում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է շուրջ 40 մարդ: Ծեծկռտուքի ընթացքում հրաձգություն է տեղի ունեցել։
Աննշան վնասվածքներով մեկ անձ հոսպիտալացվել է։
Դատաբժշկական փորձագետները մինչ ուշ գիշեր աշխատել են տեղում: Իրականացվել են հարցաքննություններ։ Ականատեսների խոսքով՝ ծեծկռտուքին դպրոցի աշակերտներ չեն մասնակցել:
Դեպքի պատճառները հայտնի չեն: Վրաստանի ՆԳՆ-ը չի հստակեցնում, թե որ հոդվածով է հետաքննություն իրականացվում: