«Վստահ եմ՝ Ծառուկյանի գրառումը վերաբերում է Գեւորգ Պետրոսյանին…». Ալեն Սիմոնյան

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն վարչապետին չէ՞ր ուղղված այդ գրառումը՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ այնուամենայնիվ ավելի հստակ կգրեր: Ես նույնիսկ վստահ չեմ, որ դա Գագիկ Ծառուկյանի էջն է. նախ, հաստատված չի, հետո տարակուսում եմ, արդյոք նման բան կգրեր»:

Լրագրողներից մեկն էլ, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը՝ հետաքրքրվեց, թե իշխող ուժը Ծառուկյանին առնչվող այդ քրգործի մասին չգիտե՞ր, երբ նրա հետ հեղափոխությունից հետո հուշագիր էր ստորագրում: Ալեն Սիմոնյանն ասաց.

«Եթե չեմ սխալվում, իսկ հաստատ չեմ սխալվում, այդ տեղեկությունները՝ պարոն Ծառուկյանի հետ կապված, որ նա դատապարտված է եղել եկեղեցու տարածքում բռնաբարության, ինչպես նաեւ կողոպուտի համար, հայտնվել են շատ ավելի ուշ, քան ձեր նշած իրադարձությունները»:

Լրագրողի դիտարկմանը, որ քրգործը շատ ավելի վաղ է եղել՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ քրգործը եղել է ավելի վաղ, բայց դրա մասին տեղեկությունը որեւէ մեկը չի ունեցել, չի հրապարակել:

Եթե իմանայիք՝ չէ՞ք ստորագրի, փորձեց ճշտել լրագրողը. «Եթե իմանայինք… ես չեմ կարող նման հարցերին պատասխանել: Կա իրողություն՝ հեղափոխություն է տեղի ունեցել, իր փուլերն է ունեցել, տարբեր դերակատարներ են եղել՝ փոքր, մեծ եւ այլն, բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսել եւ բոլորն ունեցել են հնարավորություն իմանալ իրենց «յորղանի չափը»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով ԱԺ-ի մակարդակը իջեցնելու հարցին՝ Սիմոնյանն ասաց, որ կոնկրետ պատգամավորներ կան եւ կոնկրետ աշխատելաոճ կա, որ մնացել է անցյալում.

«Ի վերջո հեղափոխությունը տարբեր փուլեր ունի եւ մենք հերթով պետք է անցնենք, ցավոք սրտի, որպեսզի վերջնականապես հրաժարվենք այն բարքերից, խոսելու ոճից, լկտիությունից, որ ժամանակին պատգամավորները իրենց թույլ էին տալիս, որ լրագրող էին ապտակում այս շենքում: Հիմա անցել են այլ բանի. պատգամավոր կոչվածը իրեն թույլ է տալիս դերաասանի հանդեպ լկտի արտահայտություններ անել, իրեն թույլ է տալիս մնացած պատգամավորների, նախարարների վերաբերյալ լկտի արտահայտություններ անել՝ իր սանդղակին համապատասխան»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե այդ ամենը Արայիկ Հարությունյանից սկսվեց, որը երեկ ԱԺ-ում վիրավորեց կոտայքցիներին՝ ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ կոտայքցիներին ոչ ոք չի կարող վիրավորել, դա մանիպուլյացիա է:

«Օրինակ է բերվել եւ ի ուրախություն, թե դժբախտություն, իրենք գտել են այդ հերոսի անունը եւ սկսել են հակադարձել եւ պաշտպանել: Ընդհանրական ասված բան էր, որ այլեւս նման բարքեր Հայաստանում չլինեն: Եվ բերվել է Կոտայքի մարզի օրինակը, որտեղ նման մի դեպք է տեղի ունեցել: Եթե Երեւան քաղաքում տեղի է ունենում մի հանցագործություն, եւ ասվում է, որ Երեւանում այլեւս նման բաներ պետք է տեղի չունենան, դա չի նշանակում, որ երեւանցիներին վիրավորում են»:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ

Posted by Factor TV on Thursday, 17 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ