Վարչապետին սպաասարկող «Airbus A319» ինքնաթիռը նոր դիզայն է ստացել: Խոսքը միայն օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) և գրանցման նիշերի նշագծման մասին է։ Կառավարական օդանավը ներկել է այս օգոստոսին չեխական International Aerospace Coatings (IAC) ընկերությունը, որը համաշխարհային առաջատարներից է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական ինքնաթիռների սպասարկման ոլորտում։
«Համար մեկ» բորտը թողարկումից ի վեր ներկվել է 5 անգամ
Հայաստանի կառավարական ինքնաթիռի արտաքին տեսքը վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ է փոփոխության ենթարկվել։ Վարչապետին սպասարկող «Airbus A319» ինքնաթիռն արտադրվել է 1998 թ. Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Թողարկումից հետո ինքնաթիռը 9 տարի շահագործել են բրիտանական և արաբական օպերատորներ, իսկ 2007–ի վերջին այն ձեռք է բերել Հայաստանը։ Թողարկումից մինչ օրս կորպորատիվ դասի (VIP) օդանավը ներկվել է հինգ անգամ, որից երկուսը՝ որպես կառավարական ինքնաթիռ՝ Հայաստանի ազգային խորհրդանշաններով։ Պետական սեփականություն համարվող միակ օդանավը մի քանի ամիս սպասարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 10 տարի՝ Սերժ Սարգսյանին, իսկ 2018թ. մինչ օրս «Համար մեկ» բորտը սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Օդանավի վրա ազգային նիշերի դիզայնի փոփոխությունից զատ, առավել կարևոր է պարզելը, թե որքանով է այս՝ առաջին հայացքից չնչին թվացող փոփոխությունը անվտանգ։ Նախ նշենք, որ օդանավի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար օգտագործվող ներկերը պետք է ապահովեն պաշտպանության համանման աստիճան:
International Aerospace Coating ընկերությունը, որտեղ ներկվել է Հայաստանի կառավարական ինքնաթիռը, աշխատում է բարձրորակ ներկերով և նորագույն տեխնոլոգիաներով՝ համագործակցելով ներկերի և երեսպատման նյութեր արտադրող համաշխարհային լավագույն ընկերությունների հետ։ Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող ընկերության արտադրամասում տարեկան ներկվում են 1000–ից ավելի պետական և քաղաքացիական ինքնաթիռներ՝ այդ թվում ռազմական, կորպորատիվ և այլն։ Սովորաբար ընկերության սպասարկած կառավարական օդանավերը ներկվում են դիմացկուն ներկերով, որոնք կարող են պահպանվել առնվազն 10 տարի։ Իսկ ներկման ծառայության համար տրվող երաշխիքը 24 ամիս է։
ՀՀ–ում օդանավերի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման կարգը և օդանավի ներկումը սահմանված է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խմբ․) պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանով։
Համաձայն այդ հրամանի՝ օդանավի վրա ազգային և գրանցման նիշերը ողջ ժամանակ պետք է լինեն հստակորեն տարբերակվող և տեսանելի: Օդանավի ներկումը պետք է համապատասխանի օդանավի գրանցման սերտիֆիկատում նշված շահագործողի ներկման սխեմային` բացառությամբ Գլխավոր վարչության թույլատրած առանձին դեպքերի` մասնավորապես օդանավի տեղափոխման, այլ շահագործողի փոխանցման դեպքերի և այլն: Օդանավի ներկման բոլոր փոփոխությունները շահագործողի կողմից պետք է ներկայացվեն Գլխավոր վարչություն` շահագործողի սերտիֆիկատի նկարագրման մեջ փոփոխություն կատարելու համար: