«Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք». ՀՀ վարչապետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կառուցողական է և համապատասխանում է բանակցային գործընթացը վերականգնելու՝ Հայաստանի պատկերացումներին. նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ, այլ այդ ուղղությամբ կան քննարկումներ:

«Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, արձանագրել ենք այդ սկզբունքները, բայց և ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ մենք, մինչև այս հարցերը չլուծվեն, չենք բանակցի, քանի որ բանակցությունն այդ հարցերի լուծման նպատակ ունի և ոչ թե պետք է մեկնարկի այդ հարցերի լուծումից հետո»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ, իր ընկալմամբ, նախապայման ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս: «Ես այդպես եմ ընկալում և ասում եմ, որ համանախագահների հայտարարությունը համարում եմ տրամաբանական և կառուցողական»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ հուլիսյան մարտերից հետո բանակցային մթնոլորտը նույնն է, ինչ մարտերից առաջ: «Ադրբեջանից լսում էինք ռազմատենչ ու ռազմաշունչ հայտարարություններ, որոնք ընդհանրապես համահունչ չէին բանակցային տրամաբանությանը: Կարծում եմ՝ միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հարցն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում: Իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը. մենք ասում էինք՝ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր՝ 24 ժամվա ընթացքում ուժով կլուծի Ղարաբաղի հարցը: Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ