«Որտե՞ղ են բացվել 6600 աշխատատեղերն ու աշխատավարձ բարձրացել…». Էդմոն Մարուքյանը՝ վարչապետ Փաշինյանին

Օրեր առաջ հայտարարեցիք, որ այս տարի աշխատատեղներն ավելացել են մոտ 6600-ով և մեկ մարդու աշխատավարձը աճել է 13,800 դրամով, մինչ այդ եղել է տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտավորապես 70,000 աշխատատեղ կրճատվել է: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ես ուզում եմ հասկանալ, որ 6600 աշխատատեղը, որ ավելացել է, այսինքն՝  70,000 աշխատատեղ վերականգնվել է, ու դրան գումարած 6600 ավելացե՞լ է, թե՞ 70,000 թվի հետ կապված խնդիր կա և ի՞նչ ոլորտներում է բացվել այդ աշխատատեղերը և որտե՞ղ է աշխատավարձի բարձրացում եղել»,- ասաց նա և նշեց, որ երբ մարդկանց հարցնում են այս թվերի մասին, քաղաքացիները նման տեղեկատվություն չունեին, որ աշխատատեղ է բացվել, կամ աշխատավարձ է բարձրացվել:

Վարչապետն ասաց, որ 70,000-ի մասին հայտնել է և դա հաշվետվությունների արդյունքում գոյացած թիվ է: «Դրանք չեն կարող օդից լինել, քանի որ հաշվետվություն ներկայացնողի համար առաջացնում է ֆինանսական պարտավորություն, խոսքը եկամտահարկի հաշվետվությունների մասին է»,- ասաց նա և նշեց, որ դա պաշտոնական, անհերքելի վիճակագրություն է:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ մարդկային գործոնը բացառված է, քանի որ ինքնաշխատ համակարգ է: «2018-ից մինչև 2020 թվականը Հայաստանում հսկայական թվով աշխատանքներ են ի հայտ եկել բայց մենք չեն կարող ասել որն է զրոյից սկսել, կամ ստվերից դուրս եկել: 70,000 աշխատատեղերի կրճատումը ապրիլին այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները, մենք համարեցինք, որ հատկապես անվտանգային այս միջավայրում գտնվող երկիրը չի կարող քնած վիճակում լինել»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ ապրիլին աշխատատեղերի կրճատում է գրանցվել, հետո դրանք  վերականգնվել են 6000–ով /այս տարվա հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատ/: «Հույս ունեմ, որ օգոստոսի տվյալները ավելի լավն են լինելու, քանի որ մարզերում զբոսաշրջային ոլորտը աշխատել է բառիս բուն իմաստով ծանրաբեռնված»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ