«Կորոնավիրուսի դեմ մենք ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ ենք արել, հանձնաժողովին էլ բարի երթ»․ վարչապետ

Մենք ռազմավարության մասով ամեն ինչ ճիշտ ենք արել, հանձնաժողովին էլ բարի երթ՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավորության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի հարցով խորհրդարանում քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ինչպես պարտավորվել էր՝ 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է թափանցիկ մնալ կորոնավիրուսի հարցում:

«Ընդհանուր առմամբ ամենակարևոր ցուցիչը, որը պետք է նայենք, մեր օրական դրական դեպքերի տոկոսային հարաբերությունն է թեստերի հետ: Մենք այսօր մի տոկոսի ենք հասել արդեն բավական երկար ժամանակ, որ ամիս ու կես առաջ նույնիսկ չէինք կարող մտածել, թե կհասնենք այդ ցուցանիշին: Թեստավորվածների թվի հետ համեմատած՝ մեզ մոտ դրական դեպքերը հինգ-վեց տոկոս են: Սա նշանակում է, որ մենք շատ էֆեկտիվ հայտնաբերում ենք»,- շեշտեց Փաշինյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հետևություններին՝ վարչապետը նշեց՝ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ երկրների մեծ մասը կորոնավիրուսի իրական ցուցանիշներ չեն հրապարակում:

«Ես կարող եմ պաշտոնապես ասել, որ Հայաստանի Հանրապետությունը այդ երկրների թվին չի պատկանում: Այն ինչ-որ գիտի Կառավարությունը կորոնավիրուսի թվերի հետ կապված՝ գիտի հանրությունը»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ռազմավարական առումով Կառավարությունը ճիշտ է վարվել և ճիշտ է վարվում, թեև եղել են առանձին թերություններ: «Մի կողմից՝ Կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեջ, մյուս կողմից ասում են՝ թող մարդիկ դիմակ չկրեն, եկեք՝ ամեն ինչը բացեք, թող չտուգանեն, ոչ մի բան չանենք, կորոնավիրուս չկա,- ասաց վարչապետը և հավելեց,- մենք ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ ենք արել, հանձնաժողովին էլ բարի երթ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ