Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17: 00-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամաս, սակայն մինչև շտապօգնության խմբի տեղ հասնելը, քաղաքացին մահացել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Տիրացվյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ մահացածը Ախթալայի բնակիչ, 57-ամյա Կամո Բարսեղյանն էր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, նշված քարի արտադրամասում՝ աշխատակիցների ներկայությամբ, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար սայթաքել է և մոտ 6 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: