Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մահացել է սիրված դերասան Լևոն Մուրադյանը: Նա երկար տարիներ աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում, խաղացել «Շանթ» հեռուստաընկերության տարբեր նախագծերում, ինչպիսիք են «Բանակում», «Անուղղելիները» հեռուստասերիալները:
Shantnews.am-ը զրուցել է Լևոն Մուրադյանի գործընկերուհու՝ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ միասին նկարահանումների են մասնակցել, դերասանն ունեցել է բարձր տրամադրություն:
«Ես հիմա ահավոր վիճակում եմ, երեկ ես ու ինքն էինք ամբողջ օրը միասին նկարահանվում: Մեկուկես տարի ամբողջ օրը նկարահանման հրապարակում միասին էինք: Երեկ շատ լավ, ուրախ տրամադրությամբ էր, մեզ խնդրել էր, որ գալիք շաբաթ օրը գնանք իր տղայի զորամաս՝ Արցախ և այնտեղ համերգ տանք:
Ինձ ասում էր՝ պիտի համերգ տանք, որ Նոր տարվան տղայիս թողնեն տուն գա: Մենք միասին նաև աշխատել ենք դրամատիկական թատրոնում: Ինքը ընտանիքի լավ հայր և հոյակապ ամուսին էր, շատ նվիրված էր կնոջը»,- պատմեց դերասանուհին:
Դերասանուհին տեղեկացրեց նաև, որ Լևոն Մուրադյանը այսօր առավոտյան է մահացել. «Երեկ շատ ծխեց, անգամ իր ծխախոտը վերջացավ, տղերքից խնդրեց: Ես էլ ասացի, թե սիրտդ նոր են ստենդավորել, 3 ամիս է, մի՛ ծխիր: Զարմանում եմ, նա այնքան էր հոգ տանում իր առողջության մասին՝ շաքարային դիաբետ ուներ, անգամ նկարահանման ժամանակ, եթե պետք էր, որ քաղցր ուտեր, ասում էր՝ չեմ ուտի, շաքար ունեմ:
Երեկ նստած ծխում էր, մոտեցա, ասացի՝ գնում եմ, ասաց՝ հաջողություն Լուսս: Սա նրա՝ ինձ ուղղված վերջին բառերն էին»,- հուզված ասաց Լուսինե Կիրակոսյանը: