Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ բնակավայրի բնակիչ Վահան Մինասյանը ահազանգել է, որ այսօրվանից դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարեւան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, ինչի պատճառով իրենք պատրաստվում են 3 գյուղերի ծնողներով իրենց երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ճանապարհը գնալ գալով շուրջ 12 կմ է:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Վ, Մինասյանն ասաց. «Մարզպետարանը տարիներ շարունակ մեր երեխեքին Գազել է տրամադրել, որ աշակերտներին Գազելը հավաքելով 6 կմ տաներ դպրոց, հետո հավաքեր, հետ բերեր գյուղեր՝ 3 գյուղի աշակերտների: Բոլոր ծախսերը մարզպետարանն էր հոգում։ Հիմա Գազելի փողը չեն փոխանցել, երեխեքն էլ ստիպված պետք է 6 կմ ոտքով գնան, դպրոց հասնեն, այդքան էլ հետ գան:
Դպրոցը Մուսայելյան գյուղում է, այդտեղ են գնում Սալուտ, Վարդաղբյուր և Հարթաշեն գյուղերից: Այսօրվանից հանվել է տրանսպորտը, գցել են ծնողների վրա, թե՝ փող հավաքեք, Գազելին վճարեք, թող տանի երեխեքին, բայց մենք եկել, սարի գլխին ապրում ենք, ու փաստորեն էս կորոնայի ընթացքում էլ ամեն օր երեխեն 6 կմ պետք ա գնա, որ հասնի դպրոց: Ամենափոքր երեխեն 4-րդ դասարան է, մեշոկով գիրք են տվել, որ էդ երեխեն 6 կմ գնա դպրոց, իր վրա վիճակ չի մնա, ողնաշարի գրիժա կստանան երեխեքը»:
Վ. Մինասյանի խոսքով՝ իրենց դպրոցից ասել են, թե մարզպետարանը չի լուծում խնդիրը: Բնակչի խոսքով՝ տվյալ համայնքերի աշակերտների տրանսպորտի խնդիրը լուծվել է Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի ջանքերով, ինչը փաստորեն, ներկա դրությամբ, գրչի մեկ հարվածով վերացրել են։