Խտրականություն չկա. կապ չունի՝ բեռնափոխադրողը տեղական է, թե օտարերկրյա. 12 տոննա եւ ավելի զանգված ունեցող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհի վճար վճարեն։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Օրեր առաջ ՏԿԵ նախարարությունը քննարկման էր դրել նախագիծ, որով առաջարկում է 12 եւ ավելի տոննա զանգվածով ավտոտրանսպորտային միջոցների համար սահմանել ճանապարհի վճար՝ 1 կիլոմետրի դիմաց մինչեւ 50 դրամ:
Առանց ճանապարհային վճար վճարելու ընդհանուր օգտագործման պետական միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելն առաջացնում է 50 հազար դրամ տուգանք, իսկ 1 տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝ 100 հազար դրամ տուգանք։ Օրենքն ընդունվելու դեպքում, ըստ նախագծի, նախատեսված է, որ պետք է ուժի մեջ մտնի 2021 թվականի հունվարի 1-ից։
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի խոսքով՝ նախագիծը բխում է Եվրոպական 1999 թվականի 1999/52 կանոնակարգի պահանջներից։ Նույն կանոնակարգով թույլատրվում է նաեւ ճանապարհային հարկ սահմանել։ ՏԿԵ նախարարությունը որոշել է սահմանել ոչ թե ճանապարհային հարկ, այլ վճար։
«Մեր բազմաթիվ միջպետական համաձայնագրերով բեռնափոխադրողները ազատված են ճանապարհային հարկերից, եւ եթե մենք հարկ սահմանեինք, կստացվեր մի վիճակ, որ մեր փոխադրողները ճանապարհն անցնելիս հարկ կվճարեն, իսկ դրսից եկողները չեն վճարի, քանի որ ազատված են հարկեր վճարելուց»,- ներկայացրեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ որոշ երկրներում գործում է ճանապարհային վճարի համակարգ։ Օրինակ, երբ մուտք ես գործում ՌԴ, այնտեղ ընտրում ես քո երթուղին եւ համապատասխան կիլոմետրի չափով վճարում։
Հարցին՝ ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը, Սիմոնյանը պատասխանեց. «Վերահսկողության համար ստեղծվելու են ճանապարհների որոշակի ենթակառուցվածքներ, այսինքն՝ ճանապարհներին սարքավորումներ են դրվելու՝ տեսախցիկներ, սկաներներ, որոնք ինքնաբերաբար կարողանալու են նույնականացնել մեքենան՝ ըստ պետհամարանիշի, իսկ սկաներով՝ նույնականացնել մեքենայի առավելագույն թույլատրելի զանգվածն ու, ըստ այդմ, վճար գանձել։ Կվերահսկվի նաեւ, թե արդյոք այդ մեքենան այդ երթուղով է անցնում, թե այլ»։
Նա ընդգծեց՝ երբ տարբեր միջպետական ճանապարհների վրա շարժ լինի, այդ սարքավորումները կբացառեն այն տարբերակը, որ փոխադրողը նշի, թե Բագրատաշենից Գյումրի է գնում, բայց իրականում, օրինակ, Երեւան գնա։ Դա ֆիքսվելու է, եւ փոխադրողը դրա համար վարչական պատասխանատվության է ենթարկվելու։
Անդրադառնալով տրանսպորտային միջոցի զանգվածին՝ փոխնախարարն ասաց. «Եվրոպական երկրներ կան, որտեղ 12 տոննայից ավելի բարձր շեմ է դրված, երկրներ կան, օրինակ՝ Գերմանիան, որտեղ 7.5 տոննայից է կիրառվում։ Քանի որ մենք նոր ենք ներդնում այս համակարգը, քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ պիտի ամեն ինչ արվի աստիճանաբար. սկսում ենք 12 եւ ավելի տոննայից»։
Սիմոնյանի խոսքով՝ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ ճանապարհներին հիմնական վնասը հասցվում է այդ քաշի մեքենաներից սկսած. «Ռուսաստանում, օրինակ, միասնական վճար է դրված՝ կապ չունի մեքենան 12 տոննա է, 40, թե այլ, բոլորը նույնչափ են վճարում, ինչն արդարացի չէ։ 12 տոննա առավելագույն զանգված ունեցողն ավելի քիչ վնաս է հասցնում ավտոճանապարհներին, քան, ասենք, 44 տոննա առավելագույն թույլատրելի զանգվածով մեքենան»։
Հարցին՝ նախագծի վերաբերյալ քննարկում ունեցե՞լ են բեռնափոխադրող կազմակերպությունների եւ բեռնատարների վարորդների հետ, Սիմոնյանը պատասխանեց. «Նախարարությունում հանդիպել ենք որոշ բեռնափոխադրող կազմակերպությունների տնօրենների, պատասխանատուների հետ, ու բավականին կոնստրուկտիվ, ադեկվատ քննարկում է տեղի ունեցել։ Դեմ արտահայտվողներ, որպես այդպիսին, չեն եղել»։
Նա նշեց, որ հիմնականում փոխադրողները շեշտել են, թե պետք է լինի արդարացի մեխանիզմ. «Մարդիկ կան, որ առաջարկել են ներքին փոխադրողի համար ավելի ցածր գին սահմանել, սակայն դա արդեն իսկ հակասում է արդարությանը։ Մենք պետք է հավասար պայմաններ տանք բոլոր փոխադրողներին, ինչպես մեզ են հավասար պայմաններ տալիս այլ երկրներում»։
Հարցին՝ ինչո՞ւ է որոշվել 1 կմ-ի դիմաց մինչեւ 50 դրամ սահմանել, փոխնախարարը պատասխանեց. «Մենք նայել ենք այն երկրները, որտեղ կիրառվում են տարբեր գումարներ։ Օրինակ՝ ՌԴ-ում 1 կմ-ի համար 3 ռուբլի է սահմանված։ Կիրգիզիայում 1 կմ ճանապարհի դիմաց 7-8 ռուբլի է սահմանված։ Եվրոպական երկրներում տարբեր սխեմաներ են։ Օրինակ՝ Բելգիայում տարեկան հարկի ձեւով է սահմանված։ Կիլոմետրի համար վճար կամ հարկ է սահմանված Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում։ Մերձբալթյան երկրներում կա նաեւ սահմանված օրական վճար, այսինքն՝ այն օրերին, որ աշխատում ես, վճարում ես 10 կամ 15 եվրո»։
Սիմոնյանն ընդգծեց, իրենց կարծիքով, ամենաարդար մոտեցումը՝ ըստ կիլոմետրի վճարն է. որքան բեռնափոխադրողը շարժվել է, այդքան էլ վճարում է։ Նախարարության հաշվարկով՝ տարեկան ակնկալվող եկամուտը կարող է լինել 5 մլրդ դրամ։ Հաշվարկն արվել է 2019-ի տվյալների հիման վրա։
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ նախագիծը կարեւոր է, սակայն հստակեցումներ են պետք։
«Այս նախագիծը ընդհանուր առմամբ փոքր փոփոխություն է։ Այս պահին էլ ոչ հայկական հաշվառում ունեցող մեքենաներին սա վերաբերում է։ Սա մեր իրականության մեջ շատ բան չի փոխելու»,- ասաց Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ այդ 50 դրամը դեռեւս հիմնավորված չէ։ Պետք է վնասները չափելի լինեն։
«Մեր երկրում ասֆալտը միջինից ցածր որակի է, հիմքերը թույլ են, եւ այս առումով վնասը պետք է չափելի լինի»,- նշեց ՀԿ համահիմնադիրը՝ հավելելով՝ միգուցե այս 50 դրամը դառնա 30 կամ 150 դրամ։
Ղահրամանյանի կարծիքով՝ ճանապարհներին վնաս են հասցնում նաեւ մինչեւ 12 տոննա քաշ ունեցող մեքենաները, որոնք առավել տարածված են մեր երկրում. «Օրինակ՝ շինարարության համար նախատեսված ցեմենտ եւ ավազ տեղափոխող «Կամազ» եւ «Զիլ» տեսակի մեքենաները։ Հատկապես Երեւանի դիտահորերի եւ ասֆալտների վնասվածության հիմնական պատճառը հենց այդ մեքենաներն են։ Այս մասին եւս պետք է մտածել: Միգուցե, եթե այդ մեքենաները եւս ներառվեն, այդ վճարի գինը իջնի կամ բարձրանա»։
Նա նշեց, որ այդ մեքենաներից վնասն ավելի շատ է լինելու, քան ստացած եկամուտը։
«Մենք անում ենք ոչ իդեալական որակի ասֆալտ ու վստահ ենք, որ այն վնասվելու է, մյուս կողմից ընտրում ենք ցածր գին, որը, վստահաբար, չի կոմպենսացնելու այդ վնասը։ Ես ենթադրում եմ, որ սրա հաջորդ քայլը կլինի 3.5-ից մինչեւ 12 տոննա զանգված ունեցող մեքենաների համար ճանապարհի վճարի սահմանումը»,- ասաց Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ հայկական մեքենաները այլ երկրներում բեռնափոխադրումներ իրականացնելուց նման վճար վճարում են, այսինքն՝ իրենց համար սա նորություն չէ։
Ղահրամանյանը կարծում է, որ այստեղ վերահսկողության հետ կապված խնդիր կարող է առաջանալ։
«Այն տեսչական մարմինը (Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին), որ պետք է վերահսկի այս ամենը, իրենց մասին հանրությունն այդքան էլ բարձր կարծիքի չէ։ Նրանք նաեւ տաքսի ծառայությունների ոլորտը պետք է վերահսկեն, սակայն ոչ մեկը չի տեսնում այդ վերահսկողությունը։ Ելնելով դրանից՝ հանրությունը ենթադրում է, որ պատշաճ վերահսկողություն չի իրականացվի»,- եզրափակեց նա։