ՀՀ Սահմանադրական դատարանը երեք նոր դատավոր ունի

ՀՀ ազգային ժողովի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:

Երվանդ Խունդկարյանն ընտրվեց՝ ստանալով 84 կողմ, 2 դեմ ձայներ, Արթուր Վաղարշյանը՝ 86 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթիրյանը՝ 85 կողմ, 3 դեմ ձայներով:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները քվեարկության չեն մասնակցել:

Արդեն ընտրված դատավորներն իրենց լիազորությունը ստանձնում են ԱԺ-ում երդման պահից: Ինչպես տեղեկացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նրանցից երկուսի մոտ այս պահին աշխատանքի հետ կապված անհամատեղելիության խնդիր կա: «Արդեն դատավորները պետք է դիմում գրեն՝ իրենց աշխատանքից դուրս գալու համար, որից հետո կկազմակերպենք երդման արարողությունն ԱԺ-ում»,-ասաց Միրզոյանը:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամներ կամ դատավորեր չեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ