ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին պատմել է, թե ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն 4 ժամից ավելի տևած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը ճանաչում է Բելառուսի ընտրությունների արդյունքները և Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում Բելառուսի օրինական նախագահը։ Նա հայտնել է, որ Մոսկվան և եվրոպական որևէ երկիր չպետք է միջամտեն Բելառուսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի կողմից Բելառուսին տրվող 1,5 մլրդ դոլար վարկի մի մասը կուղղվի նախկին պարտքերի վերաֆինանսավորմանը, մի մասն էլ նոր միջոցներ են։
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացման հարցը։
Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրահանգներ է տվել՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախապատրաստել Բելառուս ուղարկելու համար։
Meduza պարբերականի փոխանցմամբ՝ Պուտինը որոշել է Բելառուսի հետ սահմանին ստեղծված պահուստային ուժերն ուղարկել իրենց տեղակայման մշտական վայրերը։ Կողմերը քննարկել են նաև ՌԴ-ի և Բելառուսի համատեղ զորավարժությունները, որոնք կսկսվեն սեպտեմբերի 16-17-ին։
Հիշեցնենք՝ Սոչիում երկու նախագահների միջև դեմ առ դեմ հանդիպումից հետո նրանց կողմից փաստաթղթերի ստորագրում և մամուլի ասուլիս չի եղել։
Սոչի աշխատանքային այցը Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան ուղևորությունն է օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։ 6-րդ անգամ նախագահ ընտրվելուց հետո Լուկաշենկոյի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունենում արդեն 1 ամսից ավելի։