Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի բացահայտումների վերաբերյալ մանրամասներ չի փոխանցել: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ քսանից ավելի դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի անցել, Քոչարյանը սա համարեց անտեղյակություն վերջինիս կողմից:
«Դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը 2016-18 թվականներին, երբ եղել է նախագահ, ինքը չի կարդացել այն վերլուծությունը, որը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից: Միայն այդ բացատրության պարագայում Սերժ Սարգսյանը կարող է հերքել: Սերժ Սարգսյանը հանձնաժողովում տվել է այլ թվերի մասին տեղեկություն, որը փաստարկված թվերի հետ չի համապատասխանում: Հանձնաժողովը խոսում է երկու տասնյակից ավելի դիրքերի՝ հակառակորդի տնօրինության տակ գտնվելու մասին:
Ես թվաբանություն չեմ ուզում անել, որն այդքան էական չէ, կարևորը դիրքերի քանակն է, մարտավարական նշանակությունը և այդ դիրքերի առկայությունը հակառակորդի մոտ խոսում է, որ ինչ-որ ձևով խախտված է 94 թվականի հրադադարի պայմանները: Այդ դիրքերը շարունակում են հակառակորդի վերահսկողության տակ մնալ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը իր՝ ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություն էր արել: Ասել էր, թե հայկական կողմը հակառակորդի գործողությունների մասին տեղյակ չի եղել՝ հետախուզության թերացման պատճառով: Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս ակնարկեց հետախուզության բացթողումների մասին.
«Սերժ Սարգսյանը մի բան գիտի, որ ասում է: Այդ տեսակետը հերքող և հաստատող հարցեր ենք մենք տվել Սերժ Սարգսյանին և ստացել ենք պատասխաններ: Այդ պատասխանները համդրել ենք այն հրամանների հետ, որոնց միջոցով այդ ժամանակ գործել են: Թերացումներ որտե՞ղ չկան, բայց հետախուզության ոլորտում թերացումները կարող են լինել ճակատագրական: Ես հիմա չեմ ուզում ասել, թե ովքեր են թերացել, դրանք բոլորը տեղ կգտնեն մեր զեկույցի մեջ»:
Ի դեպ, 2018 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը հետախուզության թերացման վերաբերյալ նշել էր, թե տասնյակ փաստաթղթեր ուսումնասիրելով հետախուզության թերացման մասին ոչ մի խոսք չի եղել: Անդրանիկ Քոչարյանն այս հակասական հայտարարությունները հետևյալ կերպ մեկնաբանեց. «Մի մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն արեց նոր-նոր վարչապետ աշխատած ժամանակ, և քննիչ հանձնաժողովը դեռ ձևավորված չէր, բնականաբար, քննիչ հանձնաժողովը նույնպես ուսումնասիրել է հարյուրավոր փաստաթղթեր՝ կապված հետախուզության գործունեության հետ»:
Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով Մարտի 1-ի դատավարությանը, ասաց, որ ընթացքն իրեն չի բավարարում: «Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն իր լիազորություններն ամբողջ ծավալով չի կատարում, որովհետև Քոչարյանի փաստաբանական թիմը մանիպուլյացիաներով ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունը տեղեկացված չլինի՝ Մարտի 1-ի էջը փակվա՞ծ է, թե՝ ոչ: Երբ դատավորը գրավի համար պահանջեց չորս միլիոն դոլար, Քոչարյանը շատ հեշտությամբ այն գտավ:
Շաբաթ-կիրակի հայտնվեցին մարդիկ և այս հսկայական գումարը վճարեցին: Ավելին, պարզվեց, որ օլիգարխներից զատ նրա համար վճարել է նաև «Սիստեմայի» տնօրենը: Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում մի այսպիսի միտք ասաց, որ աշխատավարձ ստանում է «Սիստեմա» ընկերությունից, որտեղ տնօրենների խորհրդի անդամ է, ես կարծում եմ, որ խորհրդի անդամ դառնալու համար ընկերությունում ունենում են փայաբաժին: Մեր հասարակությունը պետք է իմանա, թե ինչ փայաբաժնի մասին է խոսքը: Ժամանակին խոսք գնաց «Սիստեմա» ընկերությունում Քոչարյանների կողմից 600 միլիոն դոլար ներդնելու մասին, որն այդպես էլ չհերքվեց»: