«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանի հետ

Մանդատը վայր դնելուց առաջ պարոն Ջուլֆալակյանը ինձ հետ առանձնազրույց է ունեցել: Իր բարձրաձայնած դրվագները մի փոքր ավելի մանրամասն ինձ ներկայացրել է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմանը:

«Մենք երկուսով լուծումների հետ կապված ճանապարհային քարտեզ էինք մշակել, և մեր մոտեցումները հստակեցրել էինք: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Մակունցը՝ հայտնելով, որ երեկ Ջուլֆալակյանի առաջարկով խմբակցությունը հանդիպում է ունեցել վերջինիս հետ: Նա ավելի մանրամասնորեն է ներկայացրել խնդիրները, նաև պատասխանել է գործընկերների հարցերին: «Ես մնում եմ այն կարծիքին, որ, այո՛, բոլոր անդամները, որոնք ներկայացված են հանձնաժողովներում, առանձին մոտեցումների հետ կապված իրենց առաջարկներն են ներկայացնում: Փորձում ենք Կառավարության մեր գործընկերներին համոզել մեր դիրքորոշումներում, երբեմն մեզ հաջողվում է համոզել, երբեմն նրանք են մեզ համոզում: Եվ ինստիտուցիոնալ առումով սա ճիշտ ճանապարհն է»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Կառավարությանը ներկայացրած հարցապնդմանը, որով անվստահություն են հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ Մակունցը նշեց, որ այս պահին չկան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը: «Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով և մոտեցումների վերանայման աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին: Առաջիկայում նույնպես քննարկումների առիթ կունենանք նախարարի հետ, մեր դիտարկումները կներկայացնենք»:

Արձագանքելով ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի՝ կոռումպացված դատավոր լինելու մասին կարծիքին՝ Մակունցը նշեց, որ Ազգային ժողովում ՍԴ դատավորների ընտրության հետ կապված 3 մոտեցում կա: «Առաջինը, որ ընդհանրապես որևէ կերպ փորձել առնչություն չունենալ դատաիրավական համակարգի, ՍԴ-ի նորացման գործընթացին. մեր կարծիքով՝ նման տեսակետ ունեն «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Արտախորհրդարանական որոշ ուժերի, նաև Արման Բաբաջանյանի կարծիքով՝ կա՛մ պետք է մեր սիրելիները լինեն, կա՛մ ոչ ոք չլինի: Երրորդը. պետք է գոյություն ունեցող դատական համակարգից հասկանանք, թե արդյոք մենք մերժում ենք բոլոր գործող դատավորներին, թե ոչ»:

Մակունցը նաև մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցելու ՍԴ դատավորի քվեարկությանը: «Մտահոգիչ այն կոնտեքստում, որ 2 ընդդիմադիր խմբակցությունները որևէ մասնակցություն չեն ցանկանում ունենալ ՍԴ նորացման գործընթացում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ