Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ինչը, բնականաբար, չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«ՀՀ Զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները եւ միաժամանակ ձեռնարկում են համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար»,- ասաց Ստեփանյանը:
ՊՆ խոսնակն ընդգծեց՝ հայկական Զինված ուժերը որեւէ գյուղի ուղղությամբ կրակ չեն վարել:
Ստեփանյանը նաեւ չբացառեց այն, որ հակառակորդի ակտիվությունը կարող է կապված լինել անցկացվող համատեղ հայ-ռուսական վարժանքների հետ:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե իբր հայկական զինված ուժերը փորձում են սրել իրավիճակը՝ խախտելով հրադադարի ռեժիմը Թովուզի ուղղությամբ, մասնավորապես, կրակ բացելով Ալիբեյլի գյուղի ուղղությամբ: