Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին Սոչիում բանակցություններ կանցկացնեն «դեմ առ դեմ» ձևաչափով: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն ՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Երկու երկրների նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, դաշնակցային հարաբերությունները, միջազգային խնդիրները և իրավիճակը տարածաշրջանում»,- նշում է հրատարակությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան։ Բանակցությունների թեմաները պետք է դառնան էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերը, Բելառուսի պետական պարտքի վերակազմավորումը, ինտեգրումը՝ Միութենական պետության մասին պայմանագրի շրջանակներում:
Կրեմլը հայտնել է, որ բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում, մամուլի ասուլիս կամ մամուլի համար հայտարարություններ չեն նախատեսվում:
Երկու առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Բելառուսում զանգվածային բողոքների ֆոնին, որոնք սկսվել են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո: