Ես երբեք չեմ զբաղվել PR-ով՝ «Հաղթանակած» երիտասարդական շարժման հետ հանդիպմանը ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է, թե գերադասել է ձեռքբերումները ներկայացնելու փոխարեն զբաղվել աշխատանքով: Քոչարյանը նշել է նաև, թե փոքր-ինչ կոշտ մարդ է և չի կարող ունենալ սենտիմենտալ ելույթներ, ձևացնել:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք լրագրողական գործունեություն ծավալած Նարինե Դիլբարյանը, ով այժմ «Ժառանգություն» կուսակցության նախագահն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Լուսաբանել ենք դրսի և ներսի այցերը, դրա հրապարակայնությունն ակտիվորեն ապահովվել է։ Այնպես չէ, որ դրանք մնացել են առանց լուսաբանման, և ինքը ճիգեր չի գործադրել»։
Ինչ վերաբերում է առանձին ասուլիսներին ու հարցազրույցներին, մեր զրուցակիցն ընդգծում է՝ Քոչարյանը դժվարությամբ էր դրանց իր համաձայնությունը տալիս. «Երբ նա նոր էր նախագահ ընտրվել, Մամուլի ազգային ակումբում փորձում էինք ասուլիսի պայմանավորվածություն ձեռք բերել՝ դա բավականին դժվար էր։ Բայց բուն աշխատանքի ժամանակ նրա գործունեությունն ակտիվ լուսաբանվել է, պարզապես խնդիրն այն է, որ այն ժամանակ չկային ուղիղ եթերներ, սոցիալական ցանցերը չունեին այն տարածումն ու կիրառությունը, ինչ այսօր։ Ուստի խոսել այն մասին, թե մարդիկ այն ժամանակ ավելի շատ արդյունքն են կարևորել և ոչ ձևը՝ ճիշտ չէ։ Այն ժամանակ էլ ունեին PR-ի իրենց ձևերն ու գործիքները։ Պարզապես Քոչարյանի իշխանության օրոք այդ գործիքները չէին էլ կարող կիրառվել, եթե դրանց ցանկությունը լիներ։ Իհարկե, Քոչարյանը այնքան էլ հանրային անձնավորություն չէր, հարցերի պատասխանել չէր սիրում, իսկ իր այցերի ու քայլերի լուսաբանումը միշտ էլ եղել է, դրանց մասին հրապարակային իրազեկվել է ու ի ցույց դրվել։ Պետք է ասեմ, որ այն ժամանակվա գործիքակազմի համեմատ դրանք բավականին ակտիվ են եղել»։
Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությամբ նրա լուսաբանմանն ու «Հայլուրի» Հայաստանում ապրելու հայտնի խոսքին, որը հենց իր կառավարման օրոք ի հայտ եկավ, մեր զրուցակիցն ասաց. «Ցավոք սրտի, ոչինչ էլ իդեալական չէր։ Այն ժամանակ էլ տրվում էր պաշտոնական, պետականամետ տեղեկատվություն: Միշտ էլ կային սահմանափակումներ այլընտրանքային կարծիք ու տեսակետ ներկայացնելու հարցում։ Պետք է անկեղծ լինել՝ այլընտրանքային տեսակետի լուսաբանումը շատ դժվար էր, իսկ ընդհակառակը՝ PR գործիքակազմը շատ ակտիվ էր՝ ճանապարհների կառուցում, կամրջի բացում, շինարարություն։ Նրա օրոք շինարարությունն իսկապես շատ ակտիվ էր և դարձել էր մեր տնտեսության հիմնական ուղղություններից մեկը, որն ունի և՛ իր առավելությունները, և՛ խոցելի կողմերը։ Քոչարյանի թիմը միշտ կարևորել է հրապարակային ներկայացման գործիքը, PR-ը, իսկ «Հայլուրը» միշտ եղել է փակ լսարան՝ նախատեսված միայն իշխանական ծրագրերի գովազդման համար։ Սկզբից ավելի ազատ էր, բայց ժամանակն ինչքան անցավ, այնքան նեղացավ այլընտրանքային տեսակետ ունեցողների և Հանրային հեռուստաընկերության միջև առկա խողովակը»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ PR-ի կարիք չկար, միահեծան իշխանություն էր: «Ով ձայն էր հանում՝ տալիս աչքը հանում էին։ Նա նույնիսկ հայոց լեզվով գրել չգիտի, խոսել էլ չգիտի, ի՞նչ PR-ի մասին է մտածում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շարունակելով՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ինքն այժմ մեղադրյալ է, բայց այնպես է խոսում՝ կարծես նախագահ է, հավերժական նախագահ, իսկ այժմ այս Սահմանադրությամբ նախագահի պաշտոն չկա, նման լիազորություններ չկան։ Քոչարյանը թող մտածի՝ այդ հանցանքների համար ժողովրդին ինչ է պատասխանելու, ինչո՞ւ է իրեն այսքան ապահով զգում։ Մենք ենք միամիտ եղել, իսկ ինքը ժամանակին մտածել է՝ հանցանք կանի ու ազատ կապրի։ Ու հիմա դա էլ անում է»։
Նյութի աղբյուր ՝ Առաջին Լրատվական