Խաչվերացի տոնին Մայր Աթոռում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ, կատարվել քահանայական ձեռնադրություն

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Արշակ Սրբազանի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող չորս սարկավագներ:

Ձեռնադրության ընթացքում Արշակ եպիսկոպոսը քահանայության կոչեց նորընծաներին՝ աղոթքներից հետո Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր անուններ: Վարազդատ սարկավագ Քոչարյանը վերակոչվեց Տ. Հայկ քահանա, Ատոմ սարկավագ Ղարագյոզյանը՝ Տ. Հայասա քահանա, Վահան սարկավագ Սահակյանը՝ Տ. Հայկազուն քահանա և Նարեկ սարկավագ Կիրակոսյանը՝ Տ. Արմեն քահանա։

Ձեռնադրության խորհրդի կատարման ավարտին նորաօծ քահանաները նաև իրենց անդրանիկ օրհնությունը բաշխեցին ներկաներին։

Այնուհետև ձեռնադրող Արշակ Սրբազանը իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով Խաչվերացի տոնի խորհրդին, ինչպես նաև քահանայական ձեռնադրությանը։ Շնորհավորելով ներկաներին առանձնակի ոգևորությամբ ու ներշնչումով տոնախմբվող Սուրբ Խաչի Վերացման տոնի առիթով՝

Սրբազանը մասնավորաբար ասաց.

«Նյութապաշտ աշխարհում դժվար է հասկանալ Սուրբ Խաչի՝ իրականում անփոխարինելի այդ սրբության համար, քրիստոնյաների վճարած զոհողությունների ու զրկանքների իմաստը։ Նյութակենտրոն այդ աշխարհում մարդկային պատկերացումները, վարքագիծն ու հարաբերությունները, վերջին հաշվով նաև պետությունների քաղաքականությունը, կառուցվում են առօրեական հաշվենկատությամբ՝ ուղղված այլոց նկատմամբ առավելության հաստատմանը, ազդեցության ընդլայնմանը և կամ աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարմանը: Մինչդեռ քրիստոնյայի համար խաչն է իմաստն ու նպատակը կյանքի, որը անտրոհելի ու անբաժանելի է Անմահ Խաչյալից՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսից:

Եվ ուրեմն, լինել Քրիստոսի հետևորդ նշանակում է լինել Խաչի ուխտավոր: Աստված ինքը անցավ խաչի ճանապարհը, որ նույն է թե՝ աստվածային ծրագրի իրագործման համար կրեց զրկանքներ ու տառապանքներ, անցավ չարչարանաց ու մահվան ճանապարհը: Խաչի խորհուրդը բնական, թե հարուցված խոչընդոտների, գիտակցված զոհողությունների ու զրկանքների միջոցով փրկության ու հաղթանակի հասնելու խորհուրդն է։ Այսպես հարություն առավ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս՝ դիմակայելով ու հաղթահարելով փորձություններն ու հալածանքները, իսպառ մերժելով բոլոր գայթակղությունները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ