Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ Մուսավաթական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում։ 1920 թվականին Ադրբեջանը գրավվել է խորհրդային կարմիր բանակի կողմից[5]՝ վերածվելով Ադրբեջանական ԽՍՀ-ի։
Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին, Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին՝ Արցախը։
Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին։
1988 թվականին սկսվում է Արցախյան շարժումը, որը վերաճում է բաց պատերազմի։ Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։ Արցախյան հիմնահարցն ու երկրի միջազգային ճանաչումը ներկայումս համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրը։