Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Ֆեյսբուքում գրում է.
«Դիտեցի աղմուկ հանած հոլովակը, որտեղ ուսուցչուհին վիրավորում է սովորողներին: Բնականաբար մեկնաբանությունների հիմնական մասում հայհոյանք, պիտակում ու վիրավորանք է ուսուցչուհու հասցեին: Ասել կուզե՝ հասարակությանս «դատավորներն» առանձնապես չեն փայլում բարեկրթությամբ: Բնավ չարդարացնելով ուսուցչուհուն, կուզեմ փաստել մի քանի ակնհայտ ճշմարտություններ:
Ա. Հոլովակից գոնե ակնհայտ է, որ սովորողներից ոմանք տեղյակ են տեսանկարահանման մասին:
Բ. Շատերը հրահրում են կոնֆլիկտ, ավելի են թեժացնում վիճակը: Հնարավոր է երեխայական չարաճճիություն է, հնարավոր է՝ միտումնավոր(նման դեպքերը բազմաթիվ են, երբ երեխաներին խրատում են այս կամ այն կերպ հունից հանել ուսուցչին, անձամբ իմ հետ եղել է՝ շաաատ հայտնի մարդու երեխայի կողմից):
Գ, Մեր կրթական համակարգում նման իրավիճակները համատարած են ու մեկ օրվա լուծելի խնդիր չէ:
Հիմա եկեք պայմանավորվենք. մենք՝ ուսուցիչներս, մեղավոր ենք: Դատափետեք, պախարակեք, եթե կուզեք՝ անգամ խարույկի վրա վառեք: Կրթական համակարգը վատն է: Ձեր երեխաներն ամեն օր ենթարկվում են բուլինգի:
Հիմա մի քանի հարցեր.
Արդյո՞ք կրթական համակարգը հասարակությունից զատ առանձին մեխանիզմ է, թե այդ հասարակության մի մասը: Այդ նույն հասարակական անառողջ գործընթացների արտացոլումը:
Արդյո՞ք ձեզ հաշիվ տալիս եք, երբ երեխայի բերանը 3 տարեկանից սիգարետ եք դնում, սովորեցնում աջ ու ձախ հայհոյել:
Արդյո՞ք ձեր պատկերացրած քրեականացված «ճշտերը» ճիշտ են ու մի հատ են:
Արդյո՞ք իրավունքներ սովորեցնելուց զատ, նաև պարտականություններ եք սովորեցնում:
Արդյո՞ք երբ երեխայի ձեռքը մի հատ սմարթֆոն եք տալիս ու գլուխներդ ազատում, երբևէ մտածում եք նաև ձեր բաժին կրթությունը տալու մասին:
Արդյո՞ք փորձում եք համագործակցել, խնդիրների լուծման համար, թե պահանջատեր դեմքով մուննաթն է ձերը:
Հայհոյողներից քանի՞ հոգին 20 րոպե կդիմանա 30 դեռահասի հետ: Խոսքը մեկ անգամյա թրեյնինգ-թիթիզությունների մասին չէ:
Հ. Գ.
Մեկ այլ հոլովակում, մի աղջիկ «վեց տարի գանյատ էր անում»: Նա էլ է էս հասարակությունից ու իր նման շատ կան: Շատ ավելի շատ, քան կպատկերցնեք ձեր էլիտիստական բարձրունքներից: Եթե կուզեք՝ դառնում են գերակշիռ ու իրենք ամենուր են: Անկեղծ հիանում եմ, որ ոստիկանը դրա լոճվածությանը համարժեք բռնություն չկիրառեց:
Հ. Գ. 2
Տեքստն իհարկե շատերին չի վերաբերվում:»