Շիրակի մարզում առաջին դասարանցիների թիվը վերջին մի քանի տարիներին գրեթե անփոփոխ է: Այս տարի , նախորդի համեմատ, փոքր-ինչ աճել է: 2019-ին Մարզում առաջին դասարանցիների թիվը կազմել է 3060 երեխա, այս տարի՝3080:
«Վերջին 5 տարիների ընթացքում այդ տենդենցը պահպանվում է․ առաջին դասարանցիների թիվը գերազանցում է 3000-ը: Այս տարվա նորամուծություններից էր առաջին դասարանցիների առցանց գրանցումը: Ընդհանուր աշակերտական համակազմը Շիրակի մարզում վերջին 4-5 տարիների կտրվածքով ավելանում է: Մոտ 4000 աշակերտ մարզում ավելացել է: Բայց ցավոք գյուղական բնակավայրերում որերորդ տարին է առաջին դասարանցիներ չենք հայտագրում: Գյուղերում աշակերտական համակազմը պակասում է:Շարժ կա դեպի քաղաքային բնակավայրեր: Շիրակի մարզի 6 գյուղակլան դպրոցներում չունենք առաջին դասարանցիներ: Կարող եմ նշել Լեռնուտը, Նոր Ախուրյանը, Զարիշատը, որտեղ չենք ընդունել առաջին դասարանցիների: Ավելի խորքային խնդիր կա: Հաջորդող տարիներին լուրջ խնդիրներ կան տվյալ դպրոցներում ընդունելության հետ կապված: Նույն տեմպերով շարունակվելու պարագայում, երևի 4-5 տարվա ընթացքում ինքնամարման մեթոդով նման դպրոցներ չունենանք»,-shantnews-ին ասաց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Սա, ըստ Հրայր Կարապետյանի, ներքին միգրացիայի հետևանք է ։Մարզի հեռավոր գյուղերից երիտասարդ ընտանիքները տեղափոխվում են Գյումրի և այլ քաղաքներ, ինչի հետևանքով գյուղական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է: Ընդհանուր առմամբ Շիրակի մարզում 33 հազար աշակերտ է նոր ուսումնական տարում դպրոց գնալու: