Երևանում բախվել են Ford-ն ու Toyota Fortuner-ը. վերջինս էլ մխրճվել է թերթի կրպակի մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Toyota-ն առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին տեղադրված թերթի կրպակի մեջ՝ վնասելով նաև վճարային տերմինալը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Հովիկ Ախոյանն ու Գեորգի Ասչյանը:

Դեպքի վայրում հավաքված բնակիչները խնդրում էին, որպեսզի ճանապարհային ոստիկանությունը նշված հատվածում արհեստական անհարթություն տեղադրի, քանի որ վթարների պակաս չկա:

Իսկ թերթի կրպակի աշխատակցուհին ասում էր. «Հրաշքով եմ պրծել, ներսում նստած էի, մեկել, ասես, երկրաշարժ լիներ, կրպակս տեղից փախներ: Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ սպիտակ ավտոն մտել ա կրպակի մեջ: Լավ ա, էդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում՝ հետևանքները ողբերգական կլինեին»:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ