18 օր հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող 30-ամյա կալանավոր Տիգրան Բադալյանը երեկ ծայրահեղ քայլի է դիմել։ Խցում նա կարել է բերանը և կտրել դաստակի երակը։ Տիգրանին շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց և մի քանի վիրակապ դրել ձեռքին, ապա կրկին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Այս մասին հայտնում է Forrights-ը՝ նշելով, որ իրենց ահազանգել է դատապարտյալի մայրը՝ տիկին Մարինեն:ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը. «Այո՛, նման արարք կատարել է, որի պատճառն իր քրեական գործն է: Երեկ տարել են քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն, այնուհետև անհրաժեշտություն չեն տեսել հիվանդանոցում պահելու, որից հետո տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ»,- հայտնեց Նավիկյանը:
Ավելի վաղ, Forrights-ը գրել էր. ««Էլ չգիտեմ ինչ ա բերելու տղաս իր գլխին։ Օգնեք էլի, խնդրում եմ»,- արցունքների միջից մի կերպ խոսում էր մայրը։ Առողջական խնդիրներ ունեցող կալանավորը նման ծայրահեղ քայլերի է դիմում «հանուն արդարության, որ ապացուցի իր անմեղությունը»․ «Դեռ նախորդ հացադուլից, որը մոտ 20 օր տևեց, Տիգրանս 25 կգ նիհարել էր, բացի դա՝ լյարդի հետ էլ խնդիր ունի, էդ ժամանակ անգամ տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։ Էս կորոնայի պայմաններում, իմ վատառողջ տղուն էն վիճակում են դնում, որ ստիպված էսպիսի քայլի ա գնում՝ իր անմեղությունն ապացուցելու համար»,- օրեր առաջ Forrights-ի հետ զրույցում պատմել էր կալանավորի մայրը։Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։ Ըստ մեղադրանքի՝ Տիգրանն իր համագյուղացու բնակարանի պատուհանը բացելով և ապօրինի մուտք գործելով բնակարան՝ այնտեղից գողացել է զգալի չափերով՝ 10.000 ՀՀ դրամ գումար, իսկ բաց դռնից մուտք գործելով նկուղ, այնտեղից գողացել է սառնարանի համար նախատեսված, 115.000 ՀՀ դրամ ընղհանուր արժողությամբ թվով 5 այլումինե թիթեղներ, որոնք նույն օրը երեկոյան, 15.000 ՀՀ դրամով վաճառել է մեկ այլ համագյուղացու։
Մայրը, սակայն, ժխտում է։ Նրա խոսքով, որդին չի գողացել, այլ փողոցի կողքից է գտել թիթեղները․ «Տղես ասում ա՝ մա՛մ ջան, եթե չեմ գողացել, հանուն ինչի՞ գնամ նստեմ։ 4-8 տարի ա հոդվածը նախատեսում, դատախազն էլ ասել ա՝ առավելագույն եմ պահանջելու։ Ախր ինձ էլ հասկացեք, ես հանցագործ չեմ թաքցնում, եթե իրոք ինքը գողացած լիներ, առաջինը ես կթքեի երեսին ու ձեռքը բռնած ոստիկանություն կտանեի։ 3 տարեկան երեխա ունի, ես էդ երեխուն 8 տարի ո՞նց եմ պահելու, ի՞նչ եմ ասելու, որ պապադ գնացել անմեղ նստե՞լ ա»,- բավականին հուզված ասում էր տիկին Մարինեն»։