RT-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ինստագրամյան իր էջում գրառում է արել Կորոնավիրուսի դեմ պատվաստման ու դրա կողմնակի ազդեցության վերաբերյալ:
«Զեկուցում եմ: Ես պատվաստվել եմ երկու օր առաջ՝ կեսօրին: Իմ ջերմությունը շատ արագ բարձրացավ՝ դրանից բխող հետևանքներով. մարմինս կոտրվում էր, թուլություն կար, գլխի ծանրություն: Բժիշկները զգուշացնում էին, որ հենց այդպես էլ լինելու է: Ես պարացետամոլ խմեցի: Դրա շնորհիվ ջերմությունս 37.6-ից չէր բարձրանում: Գիշերը դժվար էր, գրեթե չեմ քնել: Առավոտյան աշխատանքի եմ գնացել 37.2 ջերմությամբ: Կեսօրին ջերմությունս կարծես իջավ, քանի որ ես սկսեցի ինձ լավ զգալ, եթե հաշվի չառնենք պատվաստման հատվածում եղած ցավը: Ջերմությունս չափել այլևս չէի կարող. եթերից եթեր էի գնում: Վերջին խորհրդակցության ժամանակ՝ արդեն երեկոյան՝ 20:00-ի հատվածում, կրկին զգացի, որ ջերմությունս բարձրանում է: Տան ճանապարհին ջերմությունս չափեցի, 37.2 էր: Պետք է նշեմ, որ բժիշկները վստահեցնում են՝ պատվաստված մարդը չի կարող վարակել շրջապատողներին, քանի որ այս պատվաստանյութը կենդանի բջիջներ չի պարունակում:
Այսօր արդեն ջերմություն չունեմ, ուսս գրեթե չի ցավում: Ես չգիտեմ՝ որոնք են այս պատվաստանյութի հետագա կողմնակի հետևանքները, և արդյո՞ք այդպիսիք կան: Ես անգամ չգիտեմ՝ որոնք են կորոնավիրուսի երկարաժամկետ հետևանքները, կամ կա՞ն այդպիսիք: Բայց ես գիտեմ, որ կորոնավիրուսից շատ մարդիկ են մահացել, իսկ պատվաստանյութից, փառք Աստծո, ոչ ոք: Ես ոչ մեկին չեմ ուզում ոչ խորհուրդ տալ պատվաստվել, ոչ պատվաստումից հրաժարվելու կոչ անել:
Իմ ընտրությունը պարզ էր. ես ապրում եմ մի տան մեջ՝ չորս երեխաների ու հինգ թոշակառուների հետ: Ամեն օր ես գնում եմ աշխատանքի, եթերների, որտեղ դիմակ չես կարող կրել և ոչ մի կերպ չես պաշտպանվի այս վարակից: Եթե ես վարակ բերեմ տուն և ողբերգություն տեղի ունենա, այդ մեղքի զգացումով չեմ կարողանա ապրել: Այդ պատճառով մենք Տիգրանի հետ, առաջին իսկ հնարավորության դեպքում, դարձանք կամավորներ և մեզ վրա փորձարկեցինք այս պատվաստանյութը:
Տիգրանն, ի դեպ, այս պատվաստանյութի որևէ կողմնակի ազդեցություն չզգաց: Չեմ սիրում խորհուրդներ տալ, չեմ էլ տա: Դա յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է: Ձեզ տեղյակ կպահեմ, թե ինչ է կատարվում մեզ մոտ»: