Դիմակներով,կիսված դասարաններով ,առանց միմյանց հետ շփվելու.դպրոցները պատրաստվում են նոր ուսումնական տարվան

3 օրից  արտակարգ պայմաններում  կվերաբացվեն  դպրոցները։Այս  ուսումնական տարում  նախապատրաստություններն հիմնականում վերաբերում են հակահամաճարակային միջոցառումներին։ Համավարակը փոխեց  դպրոցներում կրթական գործընթացի կազմակերպումը ։

Փոխվում են դասասենյակների կահավորանքը,սեղանների ու աթոռների դասավորվածությունը ,կատարվում են մասնաշենքերի ամբողջական  ախտահանումներ, արտակարգ պայմաններում փոխվում են  աշակերտների հաճախելիության գրաֆիկներն ու դասացուցակները ։Պարետատան ուղեցույցը վերաբերում է Հանրապետության բոլոր դպրոցներին,թեև ոչ բոլորն ունեն հավասար հնարավորություններ։

Մարզի ամենամեծ շենքային պայմաններով  դպրոցում ,թիվ 23-ում ,1320 աշակերտի համար պահեստավորված ախտահանիչ միջոցները նախատեսված են 10 օրվա  օգտագործման։ Դրանից բացի ամբողջ շենքում կատարվում է ախտահանում։Դասերը սկսվելու դեպքում ախտահանման նյութերի կարիք կունենան ամեն օր։

«Հիմնականում դասարանները կիսվել են,դասարանների միջին խտությունը 20-աշակերտից ավել չպետք է լինի,աշակերտները Ա և Բ խմբերով են գալու ,կահավորանքը բոլոր դասարաններում  փոխվել է,աշակերտների միջև մոտ 2 մետր հեռավորությունը փորձել ենք պահպանել»,-կատարված միջոցառումների մասին  խոսեց Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ալվարդ Մելքոնյանը։

Աշակերտների մուտքը դպրոցի մասնաշենքեր տարբեր դռներով է ,միմյանց հետ շփումը գրեթե բացառվելու է , հարկերն առանձնացված են տարրական ,միջին և բարձր օղակների համար։Դպրոցները նաև մեկուսարանային մեկ սենյակ կունենան։

Ծնողների  մուտքը դպրոցներ արգելված է,առաջին մեկ շաբաթում կթույլատրվի մեկ ուղեկցողի ներկայությունը։Դասապրոցեսի կազմակերպման դասական տարբերակը դպրոցներում չի գործի ,խառը  դասացուցակով ու հաճախելիության բոլորովին տարբեր  ժամանակացույցով , կիսված դասարաններով կմեկնարկի ուսումնական տարին ։

«Փոփոխություններ են եղել,մենք աշխատում էինք հնգօրյա գրաֆիկով,բայց այս ուսումնական տարում սահմանվել է վեցօրյա գրաֆիկ։45 րոպե լինելու է յուրաքանչյուր դասաժամը,հինգ րոպե կլինեն դասամիջոցները՝ նախատեսված միայն ուսուցիչների դասարանից դասարան տեղափոխվելու համար»,-նշեց թիվ 23 միջնակարգ դպրոցի փոխտնօրենը։

Աշակերտության  մեծ թիվ ունի նաև  Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցը՝  1160աշակերտ։Գրեթե բոլոր  դասարանները բաժանվել են ենթախմբերի, ըստ ուղեցույցի յուրաքանչյուր ենթախումբ դպրոց կհաճախի շաբաթական երեք օր, որոշ դպրոցներ կանցնեն երկհերթ գրաֆիկի ։Սահմանափակումները վերաբերում են նաև բուն դասապրոցեսին ՝ առանց գրատախտակի , առանց տետրերի ու առանց ուսուցիչ -աշակերտ  շփման․․․այսպես են անցնելու 45 րոպեները։

«Դասարանում գրավոր թեմատիկ աշխատանքները գրվելու են թերթիկների վրա,այդ թերթիկները  հավաքվելու են նույն օրը,դնելու ենք արկղերի մեջ և ստուգելու ենք հաջորդ օրը,իսկ ուսուցողական գրավոր աշխատանքներն էլի գրելու ենք թերթիկների վրա,որը հավաքելու ենք,ստուգելու և  գնահատելու ենք աշակերտներին»,- նշեց թիվ 11հիմնական դպրոցի դասվարը ։

Մի ամբողջ կանոններով  արարողակարգ  էլ  դասագրքերի  բաշխումն է։Նորից առանձին խմբերով ու տարբեր օրերի ծնողներն ու աշակերտները գալիս են դպրոց գիրք ստանալու , որոշներն էլ հանձնելու անցած ուսումնական տարվա գրքերը ։

Սեպտեմբերի 14-ը առաջին դասարանցիների ,մեկ օր անց էլ  մյուս աշակերտների համար արտակարգ  նոր ուսումնական տարի է սկսվում։ Միջոցառում, ծաղիկ ու այլ ձևավորումներ չեն լինելու , լինելու են միայն կանոններին հետևելու ցուցումներ ,որոնցից մեկն էլ դիմակների պարտադրանքն է։Սրան էլ  են պատրաստվել դպրոցները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ