Սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ նշված երկրի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը՝ նրանց նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով։ Այս մասին ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել։
«Հայտնում ենք, որ 11.09.2020 թ. դրությամբ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում։
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին և համարժեք արձագանքելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում ՀՀ-ում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք և Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ»,- ասված է պարզաբանման մեջ։