«Լուսավոր Հայաստան»-ը դեռ չի որոշել, թե ով է ղեկավարելու համանուն խմբակցությունն Ազգային ժողովում: Այսօր նախքան մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը լրագրողների հետ զրույցում կուսակցության նախագահն ասաց, որ խմբակցությունն այսօր նիստ կգումարի և կորոշի:
Հարցին՝ Դո՞ւք եք ղեկավարելու խմբակցությունը, նա պատասխանեց. «Ենթադրվում է՝ այո»: Իսկ թե ով է լինելու խմբակցության քարտուղարը, նա պատասխանեց՝ դեռ որոշում չկա:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համագործակցությանը, նա նշեց, որ որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեն, ուղերձ են հղել բոլորին, ովքեր իրենց հասցեին ապատեղեկատվություն ու հակաքարոզչություն են իրականացրել:
«Այս թեման ինձ համար փակ է, եթե ինչ-որ մեկը կփորձի շարունակել, մեր հասցեին ինչ-որ բան ուղղել, դա անպատասխան չի մնա»: Էդմոն Մարուքյանն ասաց, որ «իրենք իրենց տեսակի մեջ են» ընդդիմություն, իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցության եզրեր տեսնում են այնպես, ինչպես մյուս ուժերի, եթե իրենց տեսլականի շուրջ հանուն Հայաստանի ընդհանուր հայտարարի կգան: